Արդեն երկու շաբաթից ավելի է, Ախալքալաքում դադարեցվել է Մկոյանների ընտանիքին պատկանող ՀԷԿ-ի աշխատանքը: Բնապահպանության վերահսկողության վարչությունից պարզաբանում են, որ «Էներգիա» ՍՊԸ-ի աշխատանքը դադարեցվել է մակերեսային ջրառի տեխնիկական կարգավորման փաստաթղթի բացակայության պատճառով: Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանն ասում է՝ դիտմամբ են անջատել հիդրոէլեկտրակայանը:
JNEWS-ի հարցին, թե ի՞նչ պատճառով են անջատել հիդրոէլեկտրակայանը Հենզել Մկոյանն ասաց. «Եկել ու նայել են բոլոր փաստաթղթերը, մի թուղթ կա ինչ-որ 80 լարի է պետք վճարել, ամեն հինգ տարին մեկ պետք է այն թարմացնել, որ թույլտվություն տրվի, հիմա քանի որ ամեն ինչ օնլայն է, մարդիկ փաստաթղթերը ներկայացրել են, բայց դեռ չեն տվել։ Ասում ենք, որ նայեք մենք 20 օր առաջ դիմել ենք, օնլայն դիմել ենք, բայց չեն աշխատում։ Եկել 20 աստիճան ցրտին հիդրոէլեկտրակայանը փակել են, որ սառի փչանա»:
Վրաստանի բնապահպանության վերահսկողության վարչությունից JNEWS-ը տեղեկացավ Մկոյանների ընտանիքին պատկանող ՀԷԿ-ի անջատման մասին:
2021 թվականի հունվարի 11-ին, Բնապահպանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ստուգվել է քաղաք Ախալքալաքում գտնվող «Էներգիա» ՍՊԸ-ն: Արդյունքում, պարզվել է ընկերության կողմից առանց մակերեսային ջրառի տեխնիկական կարգավորման փաստաթղթի շահագործման փաստ:
Հայտնաբերված խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 82 2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված խախտման համար։ «Էներգիա» ՍՊԸ-ի տնօրենին բանավոր նախազգուշացրել են, որ առանց տեխնիկական կանոնակարգերի, մակերևութային ջրերի օգտագործումն արգելվում է, և առանց այդ փաստաթղթի ընկերությունը գործունեությունը չի կարող իրականացնել, որի հիման վրա կազմվել է N001617 վարչական գրություն և հանձնվել «Էներգիա» ՍՊԸ-ի տնօրենին:
Արդեն հունվարի 13-ին Բնապահպանության վերահսկողությանվարչության աշխատկիցները երկրորդ անգամ են նախազգուշացրել: «Էներգիա» ՍՊԸ-ն վերստուգվել է և վարչական նամակում նշված պայմանը չկատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն և լրացուցիչ վարչական նամակագրություն, որը փոխանցվել է «Էներգիա» ՍՊԸ-ի տնօրենին:
Ընդգծենք, որ մակերևութային ջրառի տեխնիկական կանոնակարգի համաձայնության դեպքում «Էներգիա» ՍՊԸ-ն լիազորված կլինի իրականացնել իր գործունեությունը:
Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանը հերքում է քաղաքում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ իբր ինքը դիտմամբ է անջատել լուսացույցի լույսը: Լուսացույցն անջատվել է, քանի որ հիդրոէլեկտրակայանն է անջատվել, որից էլեկտրական սնուցում էր ստանում լուսացույցը:
«Մենք ժամանակին ՀԷԿ ենք կառուցել: 1995 թվականից, երբ Ախալքալաքում լուսը ժամով էին տալիս, այդ հիդրոէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի 38%-ը մենք բարերարություն ենք արել, 18 տարի անվճար հիվանդանոցին ենք լույս տվել, վիրահատություններ են կատարվել, վիրաբույժ Չարչյանին հարցրեք թե ո՞ւմ էլեկտրաէներգիայով է հարյուրավոր կյանքեր փրկվել: Ոստիկանությանը, հայրենական պատերազմի հաշմանդամներին, դպրոցներին մենք լույս ենք տվել անվճար ու այսօր այդ մարդիկ մոռացել են այդ լավությունը։ Ինչ վերաբերում է լուսացույցին, ոչ միայն լուսացույցն է եղել մեր հիդրոէլեկտրոկայանին միացված, այլ քաղաքի որոշ փողոցների լուսավորությունը։ Իսկ հիմա առանց ամոթի խոսում են, թե ես դիտմամբ եմ անջատել լուսարձակը, ես այդպիսի փոքր մարդ չեմ: Այդ կայանից 11 հացատուն, 17 խանութ էլեկտրաէներգիա է ստանում։ Այսօր եկել էին հիդրոէլեկտրակայանի մոտ լացում էին, քանի որ երեք անգամ էժան է տրվում էլեկտրական հոսանքը, քան պետականը։ Այսօր փռի տերերն ասում են, որ ուզած-չուզած պետք է հացի գինը բարձրացնեն, իսկ խանութի տերը ապրանքն են թանկացնելու, քանի որ սառնարանները ՀԷԿ-ի լույսով էր աշխատում։ Հիմա էլ տեր չկա, անտերություն է, ուզում են, որ մենք վերանանք, մարդիկ ուրախանան, ոչինչ աշխարհը կլոր է, այսպես չի մնա, մի օր արդարությունը կհաղթի»,- ասում է խորհրդարանի նախկին պատգամավորը։
Ախալքալաքում բողոքել են Մկոյանների ՀԷԿ-ի փակման դեմ
Հենզել Մկոյանի տան մոտ լուսացույցները չեն աշխատում
Գայանե Ակոջյան