«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին` Գիգի Ուգուլավային մերժել են դուրս գալ երկրից: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր ինձ ապօրինի կանգնեցրեցին Վրաստանի սահմանակետում, ստիպեցին երկու ժամ սպասել, իսկ հետո ասացին, որ ես կարմիրով եմ նշված: Թե ինչու, իհարկե, չպատասխանեցին», – գրել է Ուգուլավան:
Քաղաքական գործիչը հավելել է, որ ինքը երկրից դուրս գալու արգելք չունի: Այստեղից ելնելով՝ նա անօրինական է համարում Վրաստանի ոստիկանության գործողությունները: Ուգուլավան դիմել է Վրաստանի հանրային պաշտպանին՝ խնդրելով պարզել այս հարցը:
Գիգի Ուգուլավան Վրաստանի երրորդ նախագահի՝ Միխեիլ Սաակաշվիլիի թիմի ամենաակտիվ քաղաքական գործիչներից մեկն էր: 2012-ին իշխանափոխությունից հետո Ուգուլավան մեղադրվում էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում պետական միջոցներ յուրացնելու մեջ: Ավելի ուշ ավելացվել էր ֆիկտիվ աշխատատեղեր ստեղծելու մեղադրանքը: Արդյունքում, Ուգուլավան անցկացրել էր ճաղերի հետեւում 2 տարի 7 ամիս: Ազատությունից հետո 2017-ի սկզբին՝ նա միացել էր և ստանձնել «Եվրոպական Վրաստանի» գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը հիմնադրվել էր Միասնական ազգային շարժումը լքած մի քաղաքական գործիչների կողմից:
2020 թվականին Ուգուլավան կրկին դատապարտվել էր դրամական միջոցները վատնելու հին գործով, սակայն հետո նախագահի կողմից նրան համաներում էր շնորհվել:
Որոշ ժամանակ Ուգուլավան իսկապես երկիրը լքելու արգելք ուներ և չէր կարող արտերկիր մեկնել: 2019-ի դեկտեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանը արգելել էր նրան լքել երկիրը մայրաքաղաքի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Լառնակա մեկնելուց անմիջապես առաջ Ուգուլավայի և նրա կուսակցության անդամ Գիորգի Գաբաշվիլիի վրա էին հարձակվել: Ավելի ուշ պարզվել էր, որ հարձակվողներից մեկը ձյուդոիստ Բադրի Գավաշելիշվիլին է եղել: Հետաքննությունը մեղադրանք է առաջադրել Գիգի Ուգուլավային՝ ձյուդոիստին ծեծի ենթարկելու մեջ: Գաբաշվիլին ճանաչվել էր տուժող կողմ: