Վրաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում է առողջապահության առաջնային օղակի պահպանման բարեփոխումը, որը ներառում է պոլիկլինիկաները, ամբուլատորիաները, ցերեկային հիվանդանոցները, շտապ և անհետաձգելի օգնությունը, ինչպես նաև ֆելդշերա-մանկաբարձական կետերը։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է Վրաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիլվիու Դոմենտեի և ԱՀԿ-ի եվրոպական կենտրոնի առաջնային բուժ-սանիտարական ներկայացուցիչ Մելիտա Ջեյքոբսի հետ։
Բարեփոխման նպատակն է բարելավել առաջնային բուժօգնության մատչելիությունն ու որակը, ապահովել քաղաքաբնակ և գյուղաբնակ քաղաքացիների ծառայությունների հավասար հասանելիությունը: Ինչպես նշվում է, բարեփոխումը ենթադրում է հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման որակի բարելավում, ինչպես նաև բժիշկների որակավորում:
«Առողջապահության առաջնային օղակի բարեփոխումը հույժ կարևոր է: Բարեփոխումների իրականացման հարցում մեզ օգնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների թիմը։ Հիմնարար բարեփոխումը նախատեսում է աշխատանքային պայմանների բարելավում, բժիշկների ու բուժքույրերի վարձատրություն։ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար շատ կարևոր է որակյալ բժշկական ծառայությունների նկատմամբ մշտական հասանելիություն ունենալ»,- ասել է փոխնախարար Թամար Գաբունիան։
Բարեփոխման մեջ հատուկ տեղ է հատկացված քրոնիկ և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, ինչպես նաև մոր և երեխայի առողջությանը վերաբերող խնդիրներին:
«Առաջնային բուժօգնության հաստատությունների պահանջարկը շատ կարևոր է հատկապես համավարակի ժամանակ։ Կան հիվանդություններ, որոնք բուժհաստատություններում բուժելու անհրաժեշտություն չկա։ Դրանք հնարավոր է կառավարվել նաև առաջնային բուժօգնության մակարդակում: Ես ուզում եմ վերահաստատել իմ աջակցությունը այս բարեփոխմանը», – ասել է Ջեյքոբսը: