Նոյեմբերի 28-ին, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանում ներդրված սահմանափակումների մեծ մասը ուժի մեջ կմնա 2021 թվականի փետրվարի 1-ից հետո էլ: Համապատասխան հայտարարությունն այսօր կատարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար, փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը կշարունակի հավատարիմ մնալ նպատակային միջոցառումների ռազմավարությանը: Փետրվարի 1-ից սահմանափակումները կմեղմվեն միայն այն քաղաքներում, որտեղ համաճարակային իրավիճակը բարելավվել է: Դրանք են՝ Բաթումին, Զուգդիդին, Փոթին, Գորին և Թելավին: Տաս օր հետո հասարակական տրանսպորտը կվերսկսի իր աշխատանքը, իսկ դպրոցները կվերաբացվեն: Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութայիսիում առևտրի կենտրոնները և ոչ պարենային խանութները կվերսկսեն իրենց աշխատանքը փետրվարի 1-ից: Ըստ Ցքիտիշվիլիի, հասարակական տրանսպորտն ու դպրոցները այստեղ կսկսեն գործել մարտի 1-ից ոչ շուտ:
Վրաստանի բոլոր քաղաքներում փակ շուկաները կբացվեն փետրվարի 15-ից: Ինչ վերաբերում է սննդի օբյեկտներին, ապա առաջիկայում որոշ հաստատություններ կկարողանան բացվել Աջարիայում՝ տարածաշրջանում, որտեղ կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի տոկոսը մի քանի օր է պահպանվում է 4%-ից ցածր: Մասնավորապես, փետրվարի 1-ից այնտեղ կսկսեն գործել սրճարանները և բաց տիպի ռեստորանները:
«Այլ շրջաններում ռեստորաններն ու սննդի օբյեկտները, ներառյալ հյուրանոցներում, կշարունակեն աշխատել առաքման ռեժիմով՝ առաքման ծառայությունների միջոցով, մինչ այժմ գործող կանոնների համաձայն», – ասել է Ցքիտիշվիլին:
Վրաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ շարժունակության բարձրացումը կհանգեցնի հիվանդացության բարձրացման: Այստեղից ելնելով՝ հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի) մինչև փետրվարի վերջ բոլոր սահմանափակումները ուժի մեջ կմնան Բաթումիում, Զուգդիդիում, Փոթիում, Գորիում և Թելավիում:
Հարսանիքներն ու այլ միջոցառումները, որոնք ուղեկցվում են մեծ հացկերույթներով Աջարիայում և Վրաստանի այլ շրջաններում, կրկին կլինեն արգելված:
Մանկապարտեզների և բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբացումը նախատեսված է մարտի 1-ին, սակայն, ինչպես նշել է Ցքիտիշվիլին, ամեն ինչ կախված կլինի համաճարակային իրավիճակից:
Բացի այդ, մինչ մարտի 1-ը ուժի մեջ կմնա պարետային ժամը՝ 21:00-ից 05:00-ն տեղաշարժի արգելքը: Միջքաղաքային ուղևորափոխադրումները կրկին կշարունակեն մնալ արգելված: Դիմակ կրելը ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում պարտադիր է:
Առայժմ լեռնադահուկային հանգստավայրերի բացումը Վրաստանում չի նախատեսվում: Երկու ամիս առաջ կիրարկված սահմանափակումները կշարունակեն գործել Բակուրիանիում, Գուդաուրիում, Մեստիայում և Գոդերձիում: