Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդը վերջերս հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Արդյո՞ք Բիձինա Իվանիշվիլին կհեռանա քաղաքականությունից, ո՞վ կլինի նոր առաջնորդը և ինչո՞ւ միլիարդատերը որոշեց հեռու մնալ քաղաքականությունից: JNEWS-ն այս և շատ ավելիի մասին զրուցել է Վրացական ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) առաջատար փորձագետ Գելա Վասաձեի հետ:
Բավականին ժամանակ է անցել Իվանիշվիլիի քաղաքականությունից հեռանալու հայտարարության օրվանից: Ի վերջո ո՞վ կգլխավորի կուսակցությունը:
– Իվանիշվիլիի տեղը հնարավոր չէ ինչ-որ մեկին փոխանցել, քանի որ նա է հիմնադիրը, նա է հիմնական աղբյուրը, և փաստացի նա է «Վրացական երազանքի» տերը: Հետեւաբար, նրա տեղը որևէ մեկին փոխանցելն անհնար է: Հարց է առաջանում. արդյո՞ք Իվանիշվիլին հեռացել է, և ի՞նչ է նշանակում նրա հեռացումը: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ հիմա առաջացել է նոր խաղ: Նրանք փորձում են բացատրել, թե ուր է, ինչպես է հեռացել Իվանիշվիլին, սա փորձում են բացատրել, քանի որ այն անձը, ով իր վերահսկողության տակ գտնվող գործադիր, օրենսդիր և նույնիսկ դատական իշխանության բոլոր գլխավոր պաշտոններում նշանակել է իր մարդկանց, չի կարող հեռանալ: Բացի այս ամենը, պետք է լավ հասկանալ, և, ի դեպ, Գիորգի Թարգամաձեն լավ էր ասել այս մասին, որ եթե պատկերացնենք, որ Իվանիշվիլին անհետացել է, դա «Երազանքին» կհանգեցնի շատ տխուր հետևանքների, քանի որ այնտեղ անմիջապես կսկսվի շատ լուրջ պայքար իշխանության համար, որը մեծապես կթուլացնի կուսակցությունը, և «Երազանքի» այլընտրանքն այսօր «Ազգային շարժումն» է, կրկին Սաակաշվիլին, և սա նշանակում է շատ տխուր վերջաբան «Երազանքի»-ի համար: Նույն «Երազանքն» է սահմանել այս վեկտորը, և այժմ բումերանգը կվերադառնա, ուստի Իվանիշվիլին չի կարող հեռանալ քաղաքականությունից ընդհանրապես: Իմ տեսակետն այսպիսին է, որ նա ոչ թե հեռացել է, այլ հեռացել է քաղաքականությունից: Սրանք երկու տարբեր բաներ են:
Ի՞նչ է դա նշանակում:
– Դա գործընթաց է: Իվանիշվիլին հանրային քաղաքական գործիչ չէ և հանրային մարդ չէ: Նրա համար իշխանությունն իսկապես բեռ էր: Դա իրոք ընկճեցնում էր նրան, նա միշտ փորձում էր ստվերում լինել: Վերջին անգամ նա վերադարձավ այն ժամանակ, երբ հասկացավ, որ կորցնում է համակարգը: Երբ Կվիրիկաշվիլին, ազգային բիզնեսի, «Թի-Բի-Սի» բանկի ներկայացուցիչների հետ միասին, եկեղեցու աջակցությամբ և Վաշինգտոնում փոխնախագահ Փենսից լավ աջակցություն ունենալով, իսկապես կարող էր դուրս մղել իրեն և իր մարդկանց իշխանությունից, այդ ժամանակ նա վերադարձավ, իսկ Կվիրիկաշվիլին հեռացավ:
Ի՞նչից է կախված հեռանալու գործընթացի տևողությունը:
– Առաջին ալիքին տված իր հարցազրույցում նա (խմբ. Բիձինա Իվանիշվիլին ) ասաց. «Ես չեմ խառնվելու, հեռախոսս չեմ վերցնելու, ես միայն գալու եմ քվես տալու, ես «Վրացական երազանքի» կողմնակիցը չեմ», – նա նույնիսկ սա ասաց: Բայց այս ամենի հետ մեկտեղ նա ասաց նաև, որ 3-5 տարի «Երազանքին» վտանգ չի սպառնում: Կարծում եմ, որ միանգամայն հավանական է, որ սրանք հենց այն ժամկետներն են, որոնք նա դրել է իր առջև քաղաքական գործերից լիովին հեռանալու համար: Իվանիշվիլիի հեռանալու ժամկետը կախված է բազմաթիվ գործոններից: Եթե վերցնենք ներքին գործոնները, առաջին հերթին՝ համավարակը: Գլխավոր հարցը հիմա պատվաստանյութն է: Սկսվել է մի շատ հետաքրքիր բան, բժշկական համայնքի ներսում պատվաստանյութերի մասին նախարարն ասում է մի բան, փոխնախարարն ասում է մեկ այլ, գլխավոր համաճարակաբանը՝ մեկ ուրիշ: Ես մեծ կասկածներ ունեմ, որ այս յուղոտ կտորի համար պայքար է, այսինքն՝ այստեղ շատ լուրջ փողեր են, պատվաստանյութերի ներկրումը և այլն: Բայց առաջ կար մրցավար, կար ուղղահայաց, և երբ լինում էին վիճահարույց պահեր, նրանք միշտ կարող էին հարցնել Իվանիշվիլիին, և նա կկայացներ իր դատավճիռը: Հիմա նա կմիջամտի, թե՞ ոչ: Կարծում եմ՝ ամենևին, հնարավոր է՝ ոչ:
Երբ նրանք խոսում են պաշտոնը ստացողի մասին, նրանք խոսում են Կոբախիձեի մասին: Կարո՞ղ է արդյոք Կոբախիձեն իր կարևորությամբ և հանրաճանաչությամբ մրցակից լինել, օրինակ, նույն վարչապետին՝ Գախարիային և Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեին: Կուսակցության այս երեք կարեւոր քաղաքական գործիչներն այլընտրանք ունե՞ն:
– Սա առանցքային հարց է: Կոբախիձեն հեռուստատեսությամբ, շատ կոշտ, երբեմն և ցինիկ հայտարարություններ է անում հանրության առջև, սակայն Կոբախիձեն կյանքում բոլորովին այլ մարդ է: Կյանքում նա շատ փափուկ է, զիջող: Ընդհանրապես, ավելի մեղմ մարդու դժվար է պատկերացնել, ուստի Կոբախիձեն ինքնուրույն քաղաքական գործիչ չէ: Իհարկե, երբ Իվանիշվիլին կանգնեց նրա թիկունքում, ավելի հեշտ էր: Իսկ ինչո՞ւ ոչ Կալաձեն կամ ոչ էլ Գախարիան, քանի որ այս երկու մարդիկ նրանք են, ովքեր «Երազանք»-ում ունեն ռեսուրսներ: Եթե վերցնենք Կալաձեին, ապա պարզ է, որ նա ունի լուրջ ֆինանսական ռեսուրսներ, լավ կապեր բիզնեսի հետ, արտաքին լավ կապեր Իտալիայի հետ: Ի դեպ, Գախարիան, չնայած այն հանգամանքին, որ նրան թույլ չտվեցին նախարարների նշանակել, նա նույնպես ունի արտաքին լավ ռեսուրսներ: Նախ, կրկին, Գերմանիան՝ գերմանացիները: Թե՛ Կալաձեն, թե՛ Գախարիան կապեր ունեն Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանի հետ կապեր ունեն բոլոր քաղաքական գործիչները: Նույն Գախարիայի եվրոպական կապերը կարող են բավականին օգտակար լինել: Այս ամենից այն կողմ, արդյո՞ք Գախարիան հիմա կվերաձևափոխվի: Ընդհանրապես, այսպես էր, կար երկու փոքր խումբ և մի մեծ խումբ, որն ամբողջովին կենտրոնացած էր Իվանիշվիլիի վրա: Հիմա հարցն այն է, թե ինչպե՞ս կընթանա վերաբաշխումը: Հասկանալի է, որ Խուխաշվիլին ճիշտ է, երբ ասում է, որ Իվանիշվիլին վերապահում է արբիտրի դերը, բայց որ հարցերում: Շատ կասկածելի է, որ նա կխառնվի բյուջեի հատկացման հարցերին և այլն: Իսկ սա կարևոր հարց է: Տեսեք, իշխանությունները չեն պատրաստվում ոչինչ բացել, քանի որ կարանտինը ձեռնտու է իշխանություններին: Քանի որ նրանք դրամաշնորհներ ու վարկեր են ստանում գումար են ստանում, այնուհետև բաժանում դրանք: Իսկ ո՞վ է բաշխում, ո՞վ է որոշելու… Նախկինում կար խիստ ուղղահայաց, որտեղ Իվանիշվիլին վերևում էր գտնվում: Եվ չմոռանանք արտաքին գործոնները, առաջին հերթին՝ տարածաշրջանում Ռուսաստանի դերի ուժեղացումը:
Ռուսաստանի դերն ուժեղացե՞լ է:
– Այո, անկասկած: Քանի որ նախկինում կարծես Վրաստանը դուրս էր Ռուսաստանի ուղեծրից: Ադրբեջանն այսպիսին էր՝ 50/50, իսկ Հայաստանը, հասկանալի է, Ռուսաստանի քաղաքական ուղեծրում էր գտնվում: Այսօր Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում մեծապես աճել է: Հաշվի առնելով այն փաստը, որ հիմա Ռուսաստանից շատ բան է գալիս, պարզ չէ, թե ինչ կլինի վաղը, բայց ուժեղացում կա: Սա մի կողմն է, իսկ մյուսը՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմը՝ Բայդենի վարչակազմը: Շատ հնարավոր է, որ նա ավելի ակտիվորեն հետաքրքրվի տարածաշրջանի գործերով և, համապատասխանաբար, հետաքրքրվի Վրաստանի գործերով, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությամբ: Ինչ տեղի ունեցավ: Տեղի է ունեցավ հետևյալը. Իվանիշվիլին իր վրացական ամբողջ ակտիվները, որոնք պաշտոնապես գրանցված էին իր վրա, փոխանցեց «Քարթու» հիմնադրամին: Սա մի կողմից ապահովագրություն է, մյուս կողմից՝ ազատում այն ակտիվներից, որոնք, ընդհանուր առմամբ, այժմ հեռանկարային չեն: Դրանք հիմնականում անշարժ գույքն է, առողջարանային օբյեկտները, զբոսաշրջային օբյեկտները և այլն, բայց այժմ դրանք այնքան էլ արդիական չեն հետհամաճարակային ժամանակաշրջանում: Միևնույն ժամանակ, նա ասաց մի շատ հետաքրքիր բան, որ իմաստուն մարդը սովորում է ուրիշի սխալների վրա, խելացին՝ սեփական, իսկ հիմարը՝ ոչինչ էլ չի սովորում: Ինձ մոտ նման հարց է առաջանում՝ ո՞ւմ նկատի ուներ նա ուրիշի սխալներ ասելիս: Միգուցե նա նկատի ուներ Պլախոտնյուկին, որին պարզապես հեռացրըցին, նա օլիգարխ էր: Պլախոտնյուկի և Իվանիշվիլիի դեպքերը շատ նման են իրար: Պլախոտնյուկի դեպքում պարզապես չկար Միշա (խմբ. Միխեիլ Սաակաշվիլի):
Ներկայիս իրողություններում որքանո՞վ Իվանիշվիլին կվախենա Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիից:
– Սաակաշվիլիից, իհարկե, նա չի վախենում: Իհարկե, նա վախենում է Պլախոտնյուկի հետ կատարվածից: Մի գեղեցիկ օր, ամերիկացիները, ռուսները և եվրոպացիները Քիշնևում եկան նրա մոտ և ասացին. «Վերջ, որպեսզի քեզ այլևս չտեսնենք», և նա հեռացավ: Նրանք սկսեցին հետապնդել նրան բոլոր ուղղություններում, ներառյալ գույքը և այլն: Սա է գլխավոր մղձավանջը: Դժվար է վաստակել, իսկ ավելի դժվար է վաստակածը պահել:
Սաակաշվիլին կարո՞ղ է օգտվել այս իրավիճակից:
– Հաշվի առնելով այն իրավիճակը, որը տիրում է կուսակցության ներսում, ոչ այդքան: Կրկին ես կհամաձայնեմ Թարգամաձեի հետ, որ եթե կառավարությունը փլուզվի, ապա այլընտրանք այլևս պարզապես չի լինի: Էլ ուրիշ ո՞վ իր ձեռքը կվերցնի իշխանությունը: Ամենակազմակերպված ուժը նրանն է: Եթե Գախարիան և Կալաձեն պահպանեն իշխանությունը, ապա այլ դասավորվածություն կլինի:
Քրիստինե Մարաբյան