Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։
«Մենք պատրաստ ենք ազատ առևտրի Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Բայց դրա համար հարկավոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար ճանաչեն միմյանց սահմանները։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել ՀՀ սահմանները։ Բայց Հայաստանն էլ պետք է ճանաչի Ադրբեջանի սահմաններն ու այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։ Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին»,-ասել է Ալիևը, գրում է Interfax.az—ը։
Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։
Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։ Փոխանցում է PanArmenian-ը: