Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ հոկտեմբերի 27-ին «Վրացական երազանքի» հանրահավաքին մոտ 150 հազար մարդ է եկել։
Այսօր նա լրագրողների հետ զրույցում հանրահավաքը գնահատել է հաղթական: «Մթավարի արխի»-ի լրագրողի հարցին, թե ինչու է հանրահավաքն այդքան արագ ավարտվել, Ղարիբաշվիլին պատասխանել է. «Երեկ մոտ 150 հազար մարդ էր եկել։ Ինչքան էլ դուք չստեք, ամբողջ աշխարհը տեսավ մեր ժողովրդի ուժը։ Դուք ստիպված կլինեք ենթարկվել մեր ժողովրդի որոշմանը»,- ասել է նա։
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, «Վրացական երազանքը» նախընտրական հանրահավաք էր անցկացրել՝ հավաքելով իր համակիրներին Ազատության հրապարակում։ Հանրահավաքի օրը լրատվամիջոցները տեսագրություններ են հրապարակել, որտեղ քաղաքացիները պատմում են, որ հանրահավաքին մասնակցելու համար որոշակի գումար են ստացել դրա դիմաց։ Իշխող կուսակցությունը հերքում է այս տեղեկությունը և պնդում, որ նրանք հոգացել են միայն այդ մարդկանց ճանապարհածախսը։
Երեկ երեկոյան, կուսակցության առաջնորդներից մեկը՝ Մամուկա Մդինարաձեն, լրագրողներին ասել է, որ ինքը չգիտի, թե կոնկրետ ինչ գումար է ծախսվել հանրահավաքի կազմակերպման վրա, սակայն շատ շուտով «Վրացական երազանք»-ն այս տեղեկությունը կտրամադրի Վերահսկիչ ծառայությանը։