Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) կողմից իրականացված ստուգման արդյունքում Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում (բացառությամբ Խուլգումո և Դիլիսկա գյուղերի) ջրծաղիկ և կարմրուկ չի հայտնաբերվել:
Քանի որ Ախալքալաքում ջրծաղիկի դեպքեր են գրանցվում արդեն 2 ամիս, այդ իսկ պատճառով՝ Ախալքալաքի ՀԱԿ-ը ստուգում է անցկացրել շրջանի բոլոր գյուղերում՝ գյուղերի բուժքույրերի օգնությամբ։ Ջրծաղիկ և կարմրուկ, բացի երկու գյուղերից՝ Դիլիսկայից և Խուլգումոյից, այլևս ոչ մի տեղ չի հայտնաբերվել։ Զննումն իրականացվել է գյուղերի դպրոցներում և մանկապարտեզներում։
«Դիլիսկա գյուղում կարանտինը կերկարաձգենք, այն պետք է տևեր մինչև մայիսի 30-ը, բայց կերկարացնենք ևս մեկ շաբաթով, քանի որ ջրծաղիկով վարակման դեպքերը շատ են։ Ինչ վերաբերում է Խուլգումո գյուղի մանկապարտեզին, կարանտինը հավանաբար կտևի մինչև հունիսի 5-ը։ Կարանտինը սովորաբար տևում է 14 օր։ 21 օր գաղտնի շրջանն է, երբ ցան է հայտնվում, նշանակում է՝ մարդը վարակված է»,- ասում է Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին կարանտինի էր անցել Խուլգումո գյուղի մանկապարտեզը, իսկ մինչ այդ՝ Դիլիսկա գյուղի մանկապարտեզը։ Թվարկված մանկապարտեզներում ջրծաղիկով վարակվել են և՛ երեխաները, և՛ դաստիարակները։