Վրաստանում ողնաշարի մկանային ատրոֆիա ունեցող բոլոր հիվանդները թանկարժեք դեղորայքը կստանան անվճար։ Նման նախագծի մեկնարկի մասին տեղեկացնում է Վրաստանի Առողջապահության նախարարությունը։

Ողնաշարի մկանային ատրոֆիայի բուժման դեղամիջոցի մեկ սրվակի արժեքը կազմում է 7 485 ԱՄՆ դոլար։ Այս դեղաչափը բավարար է 12 օրվա համար։

Նման մեծ ծախսերի պատճառով մինչև վերջերս հիվանդության դեղորայքային բուժումը հասանելի չէր շահառուների մեծամասնության համար։

Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է կատարել հազվագյուտ հիվանդություններով հիվանդների բուժման պետական ծրագրում։

Արդյունքում ողնաշարի մկանային ատրոֆիա ունեցող բոլոր հիվանդներին կտրամադրվեն անվճար դեղամիջոցներ, պարզաբանել են Առողջապահության նախարարությունից։

Գերատեսչության ղեկավարության ներկայացուցիչներն այցելել են ծրագրին մասնակցող ընտանիքներից մեկին։ Հանդիպման ընթացքում նրանք խոստացել են, որ բոլոր հիվանդները կստանան թանկարժեք դեղամիջոցները՝ անկախ հիվանդության ծանրությունից, իսկ շահառուների ֆինանսավորումը կշարունակվի անխափան։