Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ այս փուլում առկա համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս խոսել դպրոցների բացման մասին: Այնուամենայնիվ, արդյո՞ք այս հայտարարությունը վերաբերում է տարածաշրջանների դպրոցներին, դեռ պարզ չէ:
Առողջապահության նախարարության հայտարարությունն այսօրվա ճեպազրույցում, որը հետևել էր Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին, խառնաշփոթ է առաջացրել Ախալքալաքում: Ծնողները հետաքրքրվում են` այս շաբաթ դպրոցներ կբացվեն, թե ոչ:
«Կարևոր է հաշվի առնել, որ առաջնային խնդիրը երեխաների անվտանգությունն է, և դրա հիման վրա մենք ավելի ուշադիր ենք այս հարցի նկատմամբ: Մենք ունենք որոշ նկատառումներ, բայց վարակի ներկայիս մակարդակը հնարավորություն չի տալիս դիտարկել դպրոցների բացման ժամանակի հարցը: Երբ այդպիսի հնարավորություն լինի, Կրթության նախարարությունը կապահովի բոլոր պայմանները՝ երեխաների անվտանգ դպրոց վերադառնալու համար», – ասել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ախալքալաքի Ռեսուրս կենտրոնից JNEWS-ին հայտնեցին, որ դեռ հստակ տեղեկություն չկա այն մասին, թե երբ կբացվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցները, և, որ հին հրահանգների համաձայն` դպրոցները պետք է սկսեն աշխատել հունվարի 18-ից: Այնուամենայնիվ, դասերը հունվարի 18-ին կսկսվեն, թե ոչ, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ համընդհանուր կարանտինից հետո՝ 2020 թ.-ի աշնանը, մի քանի շաբաթ Վրաստանում ուսումնակրթական գործընթացն ընթացավ սովորական ռեժիմով, սակայն նոյեմբերի 4-ին դպրոցները կրկին անցան հեռավար ուսուցման: