Վրաստանի ԿԳՆ-ը հրապարակում է առկա ուսուցման մոդելին անցած դպրոցների նորացված հանձնարարականները:
Դպրոցները պարտավոր են ծնողների հետ հաղորդակցման ռազմավարություն մշակել՝ էլ. փոստի, դպրոցի ֆեյսբուքյան էջի, SMS հաղորդագրությունների, TEAMS ծրագրի միջոցով, ինչպես նաև հայտարարությունների և տեղեկատվական հանդիպումների միջոցով: Ենթադրվում է, որ այս կերպ ծնողներին կտեղեկացնեն հատուկ միջոցառումների (ախտահանիչ գորգեր, ախտահանիչ միջոցներ, դիմակներ, ոչ կոնտակտային ջերմաչափեր) հետ կապված հարցերի մասին, մաքրման աշխատանքների, լոգասենյակների վիճակի, ըստ հերթափոխի դասերի բաշխման, դասերի ժամանակացույցի, հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների համար ռեսուրս-սենյակների օգտագործման ժամանակացույցի, բակում և դպրոցի շենքում աշակերտների ելումուտի և տեղաշարժի կազմակերպման, ջերմաչափման, դիմակներ կրելու և այլնի մասին:
Նախարարությունը հորդորում է բոլոր ծնողներին հետևել հետևյալ հանձնարարականներին.
Չափել երեխայի ջերմությունը դպրոց ուղարկելուց առաջ,
Տեղեկացնել դպրոցին ջերմության կամ շնչառական հիվանդության այլ ախտանիշների մասին,
Հոգ տանել, որ երեխաները ժամանակին դպրոցից տուն վերադառնան,
Երեխային հնարավորինս շուտ դպրոցից տուն տանել, եթե նրա մոտ ջերմաչափման ընթացքում ջերմություն է ֆիքսվել,
Ծնողները պարտավոր են ներկա գտնվել դպրոցի կողմից կազմակերպված առցանց հանդիպումներին:
Ցանկության դեպքում Վրաստանի հանրային դպրոցների աշակերտները կկարողանան շարունակել ուսուցումը հեռավար: Դա անելու համար նրանց ծնողները պետք է կապվեն դպրոցի ղեկավարության հետ և էլեկտրոնային եղանակով գրանցվեն ԿԳՆ հատուկ կայքում: Նշենք, որ սա չի վերաբերում Ախալքալաքի դպրոցներին:
Առողջական խնդիրներ ունեցող և ռիսկային խմբին պատկանող ուսուցիչներին թույլատրվում է դասերը շարունակել միայն առցանց: Դրա համար ուսուցիչները պետք է ներկայացնեն բժշկական տեղեկանք:
Եթե առողջական նկատառումներից ելնելով ուսուցիչն աշխատում է միայն հեռավար կարգով, դպրոցի ղեկավարությունը կարող է փոխարինող գտնել նրան՝ դասերը նաև դասարանում անցկացնելու համար:
Դպրոցները վերապահում են տարբեր դասարանների և մակարդակների համար դասերի տևողությունը և ժամանակացույցը ինքնուրույն սահմանելու, աշակերտներին տարբեր հերթափոխերի բաշխելու իրավունքը: Թույլատրելի է նաև խառը ուսուցման մոդելը, երբ դասերի մի մասը ընթանում է դասարաններում, իսկ մի մասն էլ՝ առցանց: Միևնույն ժամանակ, դասերի նման խառը դասացանց պլանավորելիս դպրոցները պետք է հաշվի առնեն, որ 1-4-րդ դասարանների աշակերտները պետք է գտնվեն դասասենյակներում:
Վրաստանի դպրոցներում արդեն սկսվել է ուսուցիչների և դպրոցական անձնակազմի պարտադիր թեստավորումը: Երկու շաբաթը մեկ ստուգվելու է ուսումնական հաստատությունների աշխատողների առնվազն 20%-ը:
Փետրվարի 1-ից սովորական ռեժիմով ուսումը վերսկսվել է Բաթումիի, Փոթիի, Զուգդիդիի, Գորիի և Թելավիի դպրոցներում: Մինչ այժմ Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի դպրոցականներն ուսուցումը շարունակում է հեռավար դասառեժիմով: Իշխանությունների որոշմամբ՝ այս քաղաքներում դասասենյակային պայմաններում դասերը կվերսկսվեն փետրվարի 15-ից:
Ախալքալաքի դպրոցներում դասերն անցկացվում են դասասենյակներում, յուրաքանչյուր դասի տևողությունը 30 րոպե է: