Առ այժմ, Ախալքալաքի մունիցիպալիտետում, թոշակառու ուսուցիչներից ոչ մեկը պաշտոնապես հայտ չի ներկայացրել իր նվազագույն իրավասությունը հաստատել չցանկանալու մասին, սակայն, ըստ նախնական տվյալների, 73 ուսուցիչ պատրաստվում են աշխատանքից հեռանալու մասին դիմում գրել:
Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով, մինչ օրս նրանք թոշակառու ուսուցիչներից ոչ մի դիմում չեն ստացել, սակայն, մայիսի 27-ի տվյալների համաձայն, բանավոր բնույթի տեղեկություն կա, որ տարբեր գյուղերից եւ քաղաքից 73 թոշակառու ուսուցիչ ցանկանում են դադարեցնել իրենց մանկավարժական գործունեությունը: Տվյալները կարող են աճել մինչեւ դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մինչեւ մայիսի 31-ը:
Դիմումը ստանալուց հետո, տնօրենը 10 օրվա ընթացքում պետք է բավարարի խնդրագիրը:
Թոշակային տարիքի ուսուցիչները, ովքեր մինչեւ չկարողանան հաստատել իրենց նվազագույն իրազեկությունը, կամ կշարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը՝ դպրոցի կարիքներից ելնելով, կամ էլ կվարձատրվեն երկու տարվա աշխատավարձի չափով դրամական պարգևով:
Թերեզա Չիվչյանի խոսքով, մինչեւ նրանք պաշտոնապես դիմումներ չստանան, չեն կարող ասել, թե որ դպրոցներում եւ որ առարկաների մասնագետների կարիք ունեն: Եթե ուսուցիչը չի գրել հայտարարություն եւ չի հանձնել քննությունը, դպրոցի տնօրենի համաձայնության դեպքում նա կարող է աշխատել այնտեղ պայմանագրով:
Շուշան Շիրինյան