Այն մասին, թե ինչպիսի ճգնաժամով է ավարտվել ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությունը, այս ամենի հետ Վրաստանի առնչության և Կապիտոլիումի վրա Թրամփի կողմնակիցների հարձակման, ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքներ լինել-չլինելու և շատ ավելիի մասին JNEWS-ը զրուցել է ավագ գիտական աշխատող, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) աշխատակից և Միացյալ Թագավորությունում Վրաստանի նախկին դեսպան Գիորգի Բադրիձեի հետ:
Ի՞նչ տեղի ունեցավ ԱՄՆ-ում:
– Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ամերիկան նախագահի պաշտոնում ընտրեց մի մարդու, որը լիովին անհամապատասխան էր նման պաշտոնի, նման դերի համար: Եվ դա ակնհայտ էր հենց սկզբից: Ցավոք, 2016 թվականին մենք տեսանք սոցիալական ցանցերի, պոպուլիզմի ուժը, որն օգտվում էր նոր տեխնոլոգիաներից: Նոր իրողությունն այն էր, որ հնարավոր էր բոլոր միջոցներն ու ազդեցությունները գործի դնել կեղծ լուրերով, փաստերով՝ առանց հաշվի առնելու իրողությունը: Հասարակության մի մասը, նույնիսկ զարգացած ժողովրդավարության մեջ, ինչպիսին Ամերիկան է, սկսեց ապրել իր սեփական փոքրիկ աշխարհում, որն ուներ իր իրականությունը, որը լիարժեք կապ չուներ մնացած աշխարհի հետ: Սոցիալական ցանցերը կարող են մարդուն տեղեկատվություն հաղորդել այնպես, որ նրա մոտ կառաջանա պատրանք, որ նա տեղեկացված է, բայց իրականությունն այն է, որ նա կստանա միայն այն տեղեկատվությունը, որն իրեն է դուր գալիս: «Facebook»-ի, «Twitter»-ի և ցանկացած այլ սոց. ցանցերի ալգորիթմները մշակված են այնպես, որ առաջին հերթին այն տեղեկատվությունն ես ստանում, որը քեզ հետաքրքրում է: Եվ այդ ժամանակ քո մոտ ստեղծվում է իլյուզիա, որ հենց սա է իրական աշխարհը: Այսպես է ստեղծվել Թրամփի կողմնակիցների համար այլընտրանքային աշխարհը, որը կոչվում է altinfo և altright (այլընտրանքային աջ շարժում) շարժումը: Այս ամենն ուղված էր առ այն, որ վարկաբեկեր սահմանված դասական լրատվամիջոցները, դրանք անվանելով ֆեյք լուրեր և նմանատիպ բաներ, օրինակ՝ CNN-ը և տասնյակ տարիների փորձ ունեցող այլ հեղինակավոր լրատվական կազմակերպություններ: Ամերիկան ընտրեց համակարգից դուրս նախագահ, որը երբեք քաղաքական գործիչ չի եղել, ով երբեք չի ներկայացրել ավանդական հանրապետական արժեքներ, սա մեկ, և երկրորդ, ես անձամբ չեմ զարմանում այն ամենից, ինչ մենք տեսանք 4 տարվա ընթացքում:
Վերջին օրերին տեղի ունեցածի համար Թրամփը պատասխանատվության կենթարկվի՞:
– Ի տարբերություն ավանդական քաղաքական գործիչների, Դոնալդ Թրամփը կտրականապես չհամակերպվեց ժողովրդավարական ընտրություններում պարտությանը: Նա միայն անտեսեց պարտությունն ընդունելու ավանդույթն այն բանից հետո, երբ բոլոր դատարանները, բոլոր ատյաններն ու կազմակերպությունները, որոնք պատասխանատու էին ընտրությունների արդյունքների համար, բոլոր բողոքները քննելու համար, մերժեցին նրա հայցերը: Նույնիսկ դրանից հետո նա հնարավոր համարեց, որ կարելի է հորդորել իր կողմնակիցներին ցուցադրել ուժ: Վերջին անգամ նա նման իմաստով խոսեց երկու օր առաջ: Ես համարում եմ, որ Դոնալդ Թրամփն անձամբ է պատասխանատու ամերիկյան ժողովրդավարությանը, և ընդհանրապես, ամբողջ աշխարհում Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասի համար, այդ թվում նաև, այն մարդկանց համար, ովքեր տուժել են Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ:
Փաստացի նրան հնարավոր է ենթարկել պատասխանատվության, բայց իրականում դա, հավանաբար, տեղի չի ունենա: Նույնիսկ եթե տեղի ունենա, գործընթացը դատապարտված է ձգձգվել ոչ թե ամիսներով, այլ տարիներով, քանի որ ցանկացած լուրջ փաստաբան կարող է գտնել մի շարք հանգամանքներ, որոնք կազատեն Թրամփին ուղղակի իրավական պատասխանատվությունից, բայց Թրամփի քաղաքական պատասխանատվությունն ակնհայտ է:
Ինչպե՞ս է ներգրավված Վրաստանը Կապիտոլիումի վրա հարձակմանը: Այն պատճառով, որ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածվել էր Վրաստանի դրոշով լուսանկա՞րը:
– Ամերիկացիների մեկնաբանություններում, որը ես տեսել եմ, հիմնական տարբերակը կայանում է նրանում, որ նրանք ամերիկացիներ են, որոնք այնքան էլ լավ չեն տիրապետում աշխարհագրությանը: Եվ, օրինակ, նրանք «Amazon»-ից պատվիրել են Ջորջիա նահանգի դրոշը, փոխարենը ստացել են Վրաստանի դրոշը և չեն կարողացել պարզել այդ ամենը: Բայց տեսականորեն հնարավոր է, որ տեղի Թրամփի կողմնակից վրացիները նույնպես մասնակցել են այդ իրադարձություններին, և դա հնարավոր չէ բացառել 100%-ով, քանի որ ես անձամբ եմ տեսել մի տեսանյութ, որում նախկին ԽՍՀՄ-ից ռուսալեզու արտագաղթածները քննարկում էին հարձակման արդյունքները, ասում էին, որ իրենք անձամբ են մասնակցել, Կապիտոլիումի շենքում են եղել, այնպես որ դա տեսականորեն չի կարելի բացառել: Նախկին ԽՍՀՄ-ից արտագաղթածները շատ հաճախ Թրամփի կողմնակիցներն են:
Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփը, որը կտրականապես դեմ է ներգաղթին և ներգաղթյալներին, այսչափ սիրված է նրանց շրջանում:
– Կարող է շատ քիչ տրամաբանություն լինել այն դեպքում, երբ մարդը սատարում է Թրամփին, քանի որ նրա բոլոր ամենապոպուլիստական խոստումները շատ հեշտ է որակել որպես կեղծ և անիրատեսական, ինչպես օրինակ, նա խոստացավ դադարեցնել ապօրինի արտագաղթը հարավից՝ պատ կառուցելու խոստումով: Հեշտ էր հասկանալ, որ դա սուտ է, քանի որ պաշտոնապես ապօրինի արտագաղթը ԱՄՆ նույնիսկ 10%-ից պակաս բաղկացած է ապօրինի սահմանը հատելուց, անօրինական գաղթյալների 90%-ը մուտք է գործում ԱՄՆ պաշտոնական ալիքներով օդանավակայաններից և նավահանգիստներից: Երկրորդն այն է, որ նա ասել էր, որ Մեքսիկան դրա համար դեռ կվճարի: Ինչպե՞ս կարող էր նա ստիպել: Թեև հսկայական թվով մարդիկ հավատացին նրան: Ակնհայտ էր, որ սրա համար կվճարեին հարկատուները, ոչ այնքան արդյունավետ նախագիծ է:
Դոնալդ Թրամփը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են: Որքանո՞վ է դա հավանական՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ընտրական համակարգը:
– Եկեք նայենք փաստերին: Ես և Դուք չենք կարող բացարձակ ամբողջական տեղեկատվություն ունենալ այն մասին, թե ինչպես են անցկացվել ընտրությունները բոլոր վիճելի նահանգներում: Բայց մենք գիտենք այն փաստերը, որ բոլոր նահանգները, որոնք մեծամասամբ ժողովրդավարական չեն, այսինքն՝ պարտադիր չէ, որ նրանց անպայման վերահսկեն դեմոկրատները, բոլոր վիճահարույց նահանգները ճանաչել են Ջո Բայդենի հաղթանակը: Երկրորդ, դատարանների բոլոր ատյանները, որոնց դիմել են Թրամփի կողմնակիցները՝ տեղական նահանգային ատյանները և նույնիսկ Գերագույն դատարան, բոլորն անխտիր ընտրությունները ճանաչել են նորմալ և օրենքին համապատասխան: Նրանք Թրամփի կողմնակիցների պնդումները հաստատող որևէ ապացույց չեն տեսել: Դոնալդ Թրամփի ամբողջ վարչակազմը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը չեն գտել որևէ փաստ, որը կարող էր պատրվակ հանդիսանալ քրեական գործեր հարուցելու համար, ինչը Դոնալդ Թրամփը պահանջում էր Արդարադատության դեպարտամենտի քարտուղարից՝ ԱՄՆ գլխավոր դատախազից: Ի վերջո, ԱՄՆ Կոնգրեսը նույնպես ճանաչեց Բայդենի հաղթանակը, չնայած Կոնգրեսն այս հարցում իրավական լիազորություններ չունի, այն պարզապես ավարտում է գործընթացը: Գլխավորն այն է, որ ոչ մի դատարան, թեպետ եղել է առնվազն 60 դիմում, 59-ի դեպքում հայցերը նույնիսկ չէին ընդունվել քննարկման: ԱՄՆ-ն իրենից ժողովրդավարության ողնաշարն է ներկայացնում հենց օրենքի գերակայության պատճառով: Ամերիկյան իրավական համակարգը լիովին հաստատել է ընտրությունների օրինականությունը: Թրամփի աջակիցներից շատերը ապատեղեկատվության զոհ են, որը Թրամփը շարունակում է կիրարկել:
Հարձակման ընթացքում Թրամփի կողմնակիցներն առանձնանում էին ավելի ազգայնական և ռասիստական հայացքների տեր մարդկանցով, համենայնդեպս այսպես էին հաղորդում որոշ լրատվամիջոցներ: Թրամփն ինչո՞ւ նման մեծ տարածում ունի նրանց շրջանում:
– Պարզվեց, որ Թրամփի հիմնական, առաջին հենարանը հենց ծայրահեղական աջակողմ, ազգայնական, ռասիստական խմբավորումները դարձան: Սա պետք է որ ազդանշան լիներ Թրամփի օգտին քվեարկողների համար, քանի որ նրանք Հանրապետական կուսակցության ավանդական կողմնակիցներ էին: Ես շեշտում եմ, որ Թրամփը ոչ մի դեպքում հանրապետական չէ, նա կարողացավ իշխանությունը զավթել նախ Հանրապետական կուսակցությունում, նախքան 2016 թ.-ին կհաղթեր Հիլարի Քլինթոնին:
Ինչո՞վ առանձնացավ Դոնալդ Թրամփն ԱՄն-ում իր նախագահության չորս տարիների ընթացքում:
– Նրա կողմնակիցները, առաջին հերթին, խոսում են տնտեսական աճի մասին, որը փաստ է համարվում, բազում նոր աշխատատեղերի ստեղծման մասին, ինչը նույնպես փաստ է, բայց նրանք շատ հաճախ անտեսում են այն իրողությունը, որ տնտեսական աճը գործընթաց է, որը սկսվել էր դրանից դեռ շատ վաղուց, և նրա օրոք ՀՆԱ-ի աճը հասել էր առավելագույնի: Նույնը կարելի է ասել նրա նախագահության ընթացքում ստեղծված աշխատատեղերի քանակի մասին: Ոչ ոք չի վիճում, որ դա իր համար միշտ պլյուս կլինի, բայց պետք է հասկանալ համատեքստը, որ նա ինչ եկել է իշխանության, երբ տնտեսությունն աճում էր, լուրջ ցնցումից հետո, որին ենթարկվեցին տնտեսությունն ու համաշխարհային ֆինանսները՝ նախ 2008 թ.-ին, ապա նաև 2014-15 թթ.-ին: Բայց, մյուս կողմից, նա խաչ քաշեց բոլոր տնտեսական նվաճումների վրա նրանով, որ համավարակի պայմաններում անպիտան առաջնորդ դուրս եկավ: Չգիտես ինչու, Թրամփը որոշեց հավատալ ավելի շատ մարդկանց, ովքեր ասում էին, որ սա համավարակ չէ, որ սա սովորական գրիպ է: Ամիսներ շարունակ նրա վարչակազմը ոչինչ չէր ձեռնարկում Ամերիկան պատրաստելու այս հսկայական մարտահրավերին, և փաստ է, որ զարգացած երկրներից Ամերիկան առավելագույնը տուժեց վիրուսից: Հիմնականում այն պատճառով, որ Թրամփի վարչակազմը պարզապես լուրջ չընդունեց այս վիրուսը և այդ առումով նախազգուշացումները:
Քրիստինե Մարաբյան