Այս երեք տարին հեշտ չի եղել, շատ պատասխանատու է եղել, դժվար է եղել, ես ուզում եմ ուժերս փորձել այլ ոլորտում, – այս մասին Նաթիա Թուրնավան հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցում:

Ինչպես նշել է Թուրնավան, այս տարիների ընթացքում ամուր հիմքեր են ստեղծվել երկրի տնտեսության վերականգնման և արագ զարգացման համար։

«Շատ շնորհակալություն մեր թիմին, նախարարության թիմի շնորհիվ երեք տարի աշխատեցի։ Ինձ համար իսկապես պատիվ էր ունենալ այն վստահությունը, որ ինձ տվել է թիմը, ես երեք տարի ծառայել եմ այս բարձր պաշտոնում, եղել եմ երկրի էկոնոմիկայի նախարարը։ Սրանք իսկապես դժվար տարիներ էին, և որ ամենակարևորն է ամուր հիմք է դրվել մեր տնտեսության վերականգնման, սրընթաց աճի համար։ Հիմա գալիս է նոր նախաձեռնությունների, նոր մարտահրավերների շրջանը, և ես միանգամայն վստահ եմ, որ Լևան Դավիթաշվիլին նվիրումով, փորձառությամբ, պրոֆեսիոնալիզմով ամեն ինչ կհասցնի շատ բարձր մակարդակի և կլինի էկոնոմիկայի հաջողակ նախարարներից մեկը։ Ես նրան հաջողություն եմ մաղթում։

Ինչ վերաբերում է իմ ծրագրերին, ցանկանում եմ ինչ-որ չափով փոխել դաշտը, ուժերս փորձել այլ ասպարեզում։ Իհարկե, ես մնում եմ մեր թիմի հավատարիմ անդամը։ Առայժմ մենք մի քանի ուղղություն ենք տեսնում, կոնկրետություն դեռ չկա»,- ասել է Նաթիա Թուրնավան։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության աշխատակազմում տեղի ունեցած ճեպազրույցում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել է Լևան Դավիթաշվիլիի թեկնածությունը։ Մինչ այժմ Դավիթաշվիլին եղել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարը։

Լևան Դավիթաշվիլին կպահպանի փոխվարչապետի պաշտոնը: