Ախալքալաք կատարած այցի սկզբում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց շրջանի ղեկավարության և բնակչության հետ, այնուհետև այցելեց jnews.ge-ի գրասենյակ, մասնակցեց ցուցահանդեսի բացմանը, այցելեց Սուրբ Խաչ եկեղեցի ու Վրաստանի Հայ առաքելական եկեղեցու Սամցխե-Ջավախքի թեմ:

садоян1

Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն իր եռօրյա, առաջին և պաշտոնական այցի շրջանակներում ժամը 12:00-ին Ախալցխայից ժամանեց Ախալքալաք: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը, Դավիթ Ճիճինաձեն, Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ու այլք: Մինչ բնակչության հետ հանդիպելը նրանք բարձրացան Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի գրասենյակ, որտեղ մի գավաթ սուրճի շուրջ կայացավ զրույց, որը փակ էր լրագրողների համար:

садоян2

Քաղաքապետարանի նիստերի դահլիճը լի էր մարդկանցով: Ռուբեն Սադոյանը ողջունեց հավաքվածներին ասելով, որ իր պաշտոնում մեծ հաճույքով է աշխատում ու ամեն ինչ կանի ժողովրդի համար: Նա նշեց, որ շատ ուրախ է, որ այցելել է Ախալքալաք և ցանկություն հայտնեց պատասխանել Ջավախքի բնակիչներին մտահոգող հարցերին:

Առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի սահմանամերձ Շիրակ և Լոռու շրջանների և Ջավախքի միջև բարեկամական հարաբերություններին: Ռուբեն Սադոյանը պատասխանեց, որ Ախալցխայում նման հարց հնչել է, և նա կաշխատի, որ սահմանամերձ շրջանների միջև հարաբերություններն ինտենսիվ դառնան:

Խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ից Սակրեբուլոյի պատգամավոր ընտրված Սամվել Պետրոսյանը բարձրացրեց Ախալքալաքում առկա գործազրկության հարցը և խնդրեց դեսպանին օգտագործել հայկական «լծակները», որպեսզի հայ գործարարներն Ախալքալաքում ներդրումներ կատարեն և բացեն աշխատատեղեր:

Ինչին Ռուբեն Սադոյանը պատասխանեց, որ պետք է հույսը դնել ոչ թե հայ գործարարների, այլ Ախալքալաքի և Ախալցխայի գործարարների վրա: Նա նշեց, որ այստեղ շատ կան հարուստ մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով, և նրանք պետք է այստեղ ստեղծեն աշխատատեղեր և պետք է հույսը դնել ինքն իր վրա: Նա նաև նշեց, որ Վրաստանի կառավարությունը շատ աշխատանք է կատարում երկրում գյուղատնտեսության զարգացման համար, և նա կարծում է, որ այն արդյունավետ է:

Նշենք, որ թեև դահլիճում շատ մարդիկ կային, բայց նրանք պասիվ էին: Դա նույնիսկ նկատեց դեսպանը:
«Ես խնդրում եմ ձեզ հարցեր տալ, ես պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին: Այնպես չէ, որ բոլոր հարցերը հաճելի են, բայց դուք տվեք նաև այն հարցերը, որոնք ըստ ձեզ այնքան էլ լավը չեն: Իսկ եթե դուք հարցեր չունեք, կարող եմ հենց հիմա հեռանալ»:

Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նախկին նախագահ Համլետ Մովսիսյանը դեսպանին առաջարկեց աջակցել պետպատվերի շրջանակներում Հայաստանի ԲՈՒՀ-երում ջավախքցի ուսանողների տեղերի քանակի ավելացմանը, այն պայմանով, որ ավարտելուց հետո նրանք վերադառնան Ջավախք:

Ինչին դեսպանը նշեց, որ ցավում է, որ երիտասարդներն ակտիվորեն չեն գնում Վրաստանի ԲՈՒՀ-երում սովորելու, մինչդեռ, նրանց համար ստեղծված են շատ լավ պայմաններ:

«Ցավոք երիտասարդները չեն գնում Թբիլիսի սովորելու, որտեղ կա հայագիտության ամբիոն, որտեղ ուսումնասիրում են հայոց լեզուն վրաց լեզվի հետ միասին: Քանի-որ մենք ապրում ենք Վրաստանում, այս լեզուն մեզ իրոք անհրաժեշտ է: Դուք ասացիք, որ չիմանալով վրացերենը, մենք չենք օգտվում շատ առավելություններից, որոնք առաջարկում է Վրաստանի կառավարությունը: Այն ինչ տալիս է Հայաստանի մանկավարժական ինտիտուտը կա նաև Վրաստանում: Ով է ձեզ ասում, որ մենք կկորցնենք մեր ինքնությունը, եթե սովորենք այն երկրի լեզուն, որտեղ մենք ապրում ենք», – ասաց Ռուբեն Սադոյանը:

sadoyan

Բարձրացվեցին հարցեր-առաջարկություններ գրադարանները հայկական գրքերով համալրելու մասին, հատկապես՝ հեքիաթներով, երկքաղաքացիության հարցը և այլն: Հարկ է նշել, որ հարցերը շատ չէին և հանդիպումն ավարտվեց սպասվածից շուտ:

Ռուբեն Սադոյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և խոստացավ հաճախ այցելել Ախալքալաք: Նա Վրաստանի բոլոր հայերին կոչ արեց լինել միասնական և պահպանել կապը Թբիլիսիի հետ:

«Այսուհետ, Ախալքալաքում ամեն ամիս դեսպանատունն անցկացնելու է հյուպատոսական աշխատանք: Հանդիպման օրն ու վայրը կարելի է իմանալ քաղաքապետարանից: Այդ քայլին դեսպանատունը գնում է, որպեսզի մեր քաղաքացիները չգան Թբիլիսի», – ասաց Ռուբեն Սադոյանը:

Հանդիպման ավարտին դեսպանը ՀՀ սփյուռքի նախարարության անունից Գումբուրդու գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման համար մեդալներով և պատվոգրերով պարգևատրեց Խաչատուր Սահարյանին և Սայաթ Սահարյանին:

jnews.ge-ին տված հարցազրույցում դեսպանը նշեց, որ գոհ է և տպավորված է հանդիպումից: «Մարդիկ պասիվ էին, բայց հույս ունեմ, որ հաջորդ անգամ ավելի ակտիվ կլինի», – ասաց Ռուբեն Սադոյանը:

садоян5

Հետո դեսպանը ուղեկցողների հետ այցելելեց ցուցահանդես ու եղավ Ջավախքի տեղեկատվական կենտրոնի՝ jnews.ge գրասենյակ, որտեղ շարունակվեցին քննարկումները Ջավախքի զարգացման ուղիների և միջոցների մասին:

садоян4

Հետո Ռուբեն Սադոյանը, պատգամավորները, ղեկավարությունն և այլ ուղեկցող անձինք այցելեցին Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և մյուս հոգևորակաները «Հայր Մեր» աղոթքը բարձրացրին և մոմեր վառեցին: Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհակալություն հայտնեց դեսպանին այցի համար և նրան հրավիրեց առաջնորդարան, որտեղ կիրակնօրյա դպրոցի սաները պատրաստել էին փոքրիկ համերգ:

садоян6

Ռուբեն Սադոյանը մաղթեց, որ ոգին, որով երեխաները երգերը երգեցին միշտ լինի իրենց մեջ, ու որ նրանք միշտ մնան հայեցի, պահպանեն իրենց ազգային ինքնությունը:

садоян7

Այսքանով դեսպանի այցը Ախալքալաք չավարտվեց: Այցելության երկրորդ հատվածի մասին կարդացեք մեր հաջորդ նյութում:

Շուշան Շիրինյան