Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելուն: «Վրացական երազանք» կուսակցությունը 85 կողմ 0 դեմ ձայնով վստահություն է հայտնել նոր կառավարությանը:
Քվեարկության ավարտից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում հնչել է Վրաստանի պետական օրհներգը:
Նոր ձևավորված կառավարության անդամներն են.
Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին,
Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին,
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին,
Արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն,
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան,
Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին,
Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին,
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին,
Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար Էկատերիե Տիկարաձեն,
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար Լևան Դավիթաշվիլին,
Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար Թեա Ախվլեդիանին:
Նոր կառավարության ծրագիրը կոչվում է «Եվրոպական պետություն ստեղծելու համար». Ծրագրի սահմանված նպատակներն են` համաճարակով պայմանավորված ճգնաժամի հաղթահարում, տնտեսության արագ վերականգնում և զարգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար կայուն ու ապահով միջավայրի ստեղծում, կառուցվածքային բարեփոխումների շարունակում:
Հարկ է նշել, որ Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին չեն մասնակցել 8 ընդդիմադիր կուսակցությունների 60 պատգամավոր: Վերջիններս բոյկոտում են և չեն ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: