Քանի որ Jnews-ի ընթերցողները հաճախ են դիմում մեզ՝ Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերելու, պահպանելու, վերականգնելու հետ կապված հարցերով, ինչպես նաև, որ «արտոնյալ» վերականգնումը/պահպանումը ժամանակավոր է, մենք տրամադրում ենք մանրամասն տեղեկատվություն, որն ստացել ենք քաղաքացիության հարցերով զբաղվող իրավաբանից՝ Անդրանիկ Մինասյանից:
Քաղաքացիության ձեռքբերման քանի՞ ձև կա
Ծնունդով
Յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից՝ նա ծնվել է Վրաստանի տարածքում, թե ոչ, դառնում է Վրաստանի քաղաքացի, եթե ծննդյան պահին նրա ծնողներից առնվազն մեկը եղել է Վրաստանի քաղաքացի։
Այնուամենայնիվ, եթե մինչև երեխայի 18 տարին լրանալը, եթե երեխան երկրորդ քաղաքացիություն ունի, և ծնողները չդիմեն Արդարադատության տուն՝ Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու համար, ապա 18 տարեկանից հետո երեխային արդեն կարող են մերժել Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու հարցում:
Քաղաքացիության ճանաչմամբ
Այս ընթացակարգը ունի մի քանի ենթակետեր.
ա) Ապրել Վրաստանում 10 տարի, ինչպես նաև ունենալ բիզնես կամ անշարժ գույք, կամ աշխատել Վրաստանում, հանձնել 3 քննություն:
բ) Եթե ամուսինը Վրաստանի քաղաքացի է, ապա 5 տարի ապրել Վրաստանում, նաև հանձնել 3 քննություն:
Երկու դեպքում էլ անձը զրկվում է առաջին քաղաքացիությունից
գ) Բացառության կարգով (եթե տվյալ անձը Վրաստանին բացառիկ ծառայություններ է մատուցել, Վրաստանը համարում է իր հայրենիքը, օկուպացված տարածքներից է, սոցիալ-տնտեսական, քաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով լքել է Վրաստանը, զգալի ներդրումներ է կատարել Վրաստանի տնտեսության մեջ):
Այս դեպքում անձը չի հրաժարվում առաջին քաղաքացիությունից:
Այս կատեգորիայում Ախալքալաքի բնակիչներին հարմար է՝ «Վրաստանը լքել են սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով» կետը։ Այսինքն՝ ախալքալաքցիները, ովքեր, օրինակ, 90-ականներին լքել են Վրաստանը, ստացել են Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիություն, այս կետով կարող են դիմել Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Այս դեպքում նրանք չեն կորցնի այլ երկրի քաղաքացիությունը, բայց պետք է հանձնեն 3 քննություն։
Քննությունից կարող են ազատվել միայն սահմանափակ կարողություններով անձինք։
Վերականգնում
Այս կետը Ջավախքի բնակիչների համար առավել հարմար է: Քաղաքացիությունը վերականգնելու իրավունքի 2 տարբերակ կա՝ սովորական և ժամանակավոր։
ա) քաղաքացիությունը վերականգնելու սովորական իրավունք
Այս իրավունքից կարող են օգտվել նրանք, ովքեր.
– եղել են Վրաստանի քաղաքացիներ, սակայն անչափահաս տարիքում ծնողների ընտրությամբ կորցրել են քաղաքացիությունը
– իրենց կամքով հրաժարվել են Վրաստանի քաղաքացիությունից
Այս երկու դեպքերում էլ դիմողը պետք է հանձնի քննությունը (վրաց լեզու) և հրաժարվի առաջին քաղաքացիությունից։
– ապօրինաբար զրկվել է քաղաքացիությունից
Այս դեպքում անձը չի հանձնում քննություններ, սակայն հրաժարվում է առաջին քաղաքացիությունից։
բ) քաղաքացիությունը վերականգնելու ժամանակավոր իրավունք
Այս իրավունքից կարող են օգտվել այն անձինք, ովքեր զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից՝ երկրորդ քաղաքացիություն ունենալու պատճառով։
Մինչև 2018 թվականը Վրաստանի քաղաքացիներն այլ երկրի քաղաքացիություն ունենալու օրինական իրավունք չունեին։ Այս առումով Ախալքալաքի բազմաթիվ բնակիչներ, ովքեր ունեին հայկական կամ ռուսական անձնագրեր, որոնք անհրաժեշտ էին արտագնա աշխատանքների մեկնելու համար, կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը։ 2018 թվականին սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց, ըստ որի՝ որոշակի ընթացակարգից հետո Վրաստանի քաղաքացուն թույլատրվեց երկրորդ քաղաքացիություն ստանալ։ Այդ կապակցությամբ որոշվեց քաղաքացիությունը վերականգնելու ժամանակավոր իրավունք ներդնել այն քաղաքացիների կատեգորիաների համար, ովքեր կորցրել են քաղաքացիությունը մինչև փոփոխությունների ներդրումը։ Այս իրավունքը ներդրվել է 2018 թվականին՝ 2 տարի ժամկետով, և երկարացվել մեկ անգամ՝ 2021 թվականին։ Այս տարին այդ իրավունքից օգտվելու վերջնաժամկետն էր, սակայն օրենքը կրկին երկարաձգվեց մինչև 2024 թվականը:
Այս եղանակով քաղաքացիություն ձեռք բերած անձը կարող է այն փոխանցել անչափահաս երեխային։ Ծնողն այս կերպ սակայն չի կարող երեխայի միջոցով քաղաքացիություն ձեռք բերել։
Քաղաքացիության պահպանում
Քաղաքացիության պահպանումը ենթադրում է, որ Դուք ներկայումս Վրաստանի քաղաքացի եք հանդիսանում և ցանկանում եք պահպանել Ձեր քաղաքացիությունը: Գոյություն ունեն նաև քաղաքացիությունը պահպանելու իրավունքի 2 ձև՝ ժամանակավոր և սովորական։
ա) քաղաքացիության պահպանման սովորական իրավունք
– դրանից կարող են օգտվել այն անձինք, ովքեր Վրաստանի քաղաքացի են և ցանկանում են ստանալ 2-րդ քաղաքացիություն։
Դա անելու համար, այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար դիմելուց հետո, նրանք պետք է վերցնեն տեղեկանք տվյալ երկրում այն մասին, որ դիմել են քաղաքացիության համար, թարգմանեն վրացերեն, վավերացնեն նոտարական կարգով և քաղաքացիությունը պահպանելու դիմումի հետ միասին ներկայացնեն Արդարադատության տուն: Այս ծառայության արժեքը 500 լարի է։ Ընթացակարգը ներառում է հարցազրույց: Այս կետում ուշադրություն է դարձվում «Վրաստանի հետ վստահելի կապի առկայության վրա»:
բ) քաղաքացիությունը պահպանելու ժամանակավոր իրավունք
– դրանից կարող են օգտվել այն անձինք, ովքեր լինելով Վրաստանի քաղաքացիներ, ձեռք են բերել այլ երկրի քաղաքացիություն մինչև 2018 թվականը (այսինքն, երբ դա անօրինական էր) և դեռևս չեն զրկվել Վրաստանի քաղաքացիությունից։
Դրա համար անձը պետք է համապատասխան դիմում ներկայացնի Արդարադատության տուն, ծառայությունն արժե 500 լարի։ Այս դեպքում հաշվի է առնվում նաեւ «Վրաստանի հետ վստահելի կապի» առկայությունը (ծնունդ, դպրոցական, համալսարանական կրթություն, գույքի, բիզնեսի, հարազատների առկայություն եւ այլն)։ Վրաստանի հետ կապի բացակայության դեպքում կա հավանականություն, որ անձին կարող են մերժել քաղաքացիության շնորհման հարցում։
Այս ընթացակարգը չի ենթադրում քննության հանձնում, անձը պետք է անցնի միայն հարցազրույց հանձնաժողովի հետ։ Հարցազրույցի ժամանակ վրացերենի իմացությունը նույնպես կդիտվի որպես առավելություն:
Այս օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականին քաղաքացիությունը վերականգնելու ժամանակավոր իրավունքի հետ մեկտեղ և երկարաձգվում է դրա հետ միասին:
Ինչ կլինի, եթե չդիմել վերականգնման և պահպանման համար
Եթե մինչև քաղաքացիությունը վերականգնելու ժամանակավոր իրավունքի ժամկետի ավարտը (ներկայիս դրությամբ մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը) անձը վերականգնման դիմում չի ներկայացնում, ապա նա պետք է քաղաքացիություն ձեռք բերի այլ ընթացակարգերով, որոնք ենթադրում են 3 քննության հանձնումը կամ օտարերկրյա քաղաքացիության կորուստը։
Եթե մինչև քաղաքացիությունը պահպանելու ժամանակավոր իրավունքի ժամկետի ավարտը (ներկայումս մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը), անձը քաղաքացիությունը պահպանելու դիմում չի ներկայացնում, ապա նա ցանկացած պահի կարող է զրկվել Վրաստանի քաղաքացիությունից։
Քաղաքացիության ձեռքբերման այլ ընթացակարգեր
Վրաստանի քաղաքացիության հաստատում
Այս ընթացակարգը հարմար է նրանց համար, ովքեր.
ա) մինչև 1975 թվականի մարտի 31-ը ծնված անձինք, որոնք Վրաստանի տարածքում բնակվել են ընդհանուր 5 տարի, մինչև 1993 թվականի մարտի 31-ը գտնվել են Վրաստանի տարածքում, և որոնք չեն ստացել այլ երկրի քաղաքացիություն,
բ) 1975 թվականի մարտի 31-ից հետո ծնված անձինք, որոնք 1993 թվականի մարտի 31-ի դրությամբ ապրում էին Վրաստանում և չեն ստացել այլ երկրի (5 տարի ապրելու արտավորությունը չկա) քաղաքացիություն,
գ) Վրաստանի տարածքում ծնված անձինք, որոնք 1991 թվականի դեկտեմբերի 21-ից հետո լքել են Վրաստանի տարածքը և որոնք չեն ստացել օտարերկրյա քաղաքացիություն։
Այս անձինք կարող են Վրաստանի քաղաքացիություն ստանալ առանց քննության։