Ախալքալաքում այսօր սկսել են տեղադրել գլխավոր տոնածառը: Մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները վստահվել են Ախալքալաքի սպասարկման կենտրոնին: Այս տարի որոշվել է քաղաքը համեստորեն զարդարել՝ նվազագույն ծախսերով:
Ամեն տարի քաղաքի ամանորյա զարդարանքն իրականացվում էր տենդերով, իսկ այս տարի քաղաքապետարանի պատվերով տոնածառը տեղադրում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնը: Տոնածառի տեղադրման, ապամոնտաժման եւ զարդարանքների համար հատկացվել է 3000 լարի:
Այս տարի որոշվել է բավարարվել միայն անցյալ տարվա զարդարանքներով: Տարին դժվարություններով լի էր: Մի կողմից՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնք առաջացրեցին ապատիա և Ախալքալաքի կողմից սիրված տոնը չնշելու ցանկություն, մյուս կողմից էլ՝ կորոնավիրուսի համավարակը, որը լուրջ հարված հասցրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեին:
Նշենք, որ մի քանի օր առաջ որոշ խաչմերուկներում կախվել են զարդահյուսակներ, ինչպես նաև դրանք տեղադրվել են քաղաքային զբոսայգու շրջակայքում, որոնք արդեն մի քանի անգամ հասցրել են վնասել: Տեղադրվելու է նաև լուսավառվող «2021» ինստալյացիան:
Քրիստինե Մարաբյան