Եթե երիտասարդը սովորում է պետական համալսարանում, բայց հեռակա ուսուցման համակարգով, հասնում է արդյո՞ք նրան տարկետում, այս կամ այլ հարցերը պարտադիր զինվորական ծառայության մասին միշտ չէ, որ ստանում են հստակ պատասխաններ: Այս մասին փորձեց ճշտել jnews-ը:

Ախալքալաքցի երիտասարդների համար պարտադիր զինվորական ծառայության հաշվառման ենթակա և տարկետման իրավունք ունեցողների իրավունքները կամ հստակ չեն կամ օրենքին անտեղյակ են քաղաքացիները։

Վրաստանի Զինծառայության և զինվորական պատասխանատվության մասին օրենքի 30-րդ հոդվածն (հոդվածի թարգմանությունը նյութի ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ) նշում է, որ Վրաստանի և այլ երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները տարկետման իրավունք ունեն, օրենքում չի նշվում, հեռակա ուսուցման մասին։ Փաստը այն է, որ Վրաստանում հեռակա ուսուցում չկա, սակայն եթե օրենքը գործում է նաև արտերկրյա բուհերում սովորողների համար, ապա արտերկրյա պետական բուհի հեռակա ուսանողը արդյո՞ք պետք է ծառայի, թե տարկետման իրավունք ունի, փորձեցինք ճշտել Ախալքալաքի զինվորական հաշվառման և զինակոչի ծառայության պետ Ռուբիկ Աբաջյանից: Նա մեզ հստակ պատասխանեց, որ այո՝ պետական բուհերի հեռակա ուսանողները տարկետման իրավունք չունեն և համապատասխան ծանուցագիր ստանալուց հետո ենթակա են զինակոչման։

Քանի որ օրենքում հեռակա կամ ստացիոնար ուսանողը չի առանձնացված, նույն հարցի վերաբերյալ խոսեցինք իրավաբան Վասիլ Բալախաձեի հետ ևս։

«Եթե օրենքում չի նշված հեռակա կամ ստացիոնար, ապա այստեղ քննարկվում է ուսանող լինելու կամ չլինելու հարցը։ Եթե պետական բուհի ուսանող է Վրաստանի կամ այլ երկրի տարածքում, ապա նա պետք է օգտվի իրեն ընձեռված տարկետման իրավունքից՝ բուհից համապատասխան տեղեկանք ներկայացնելուց հետո», – մեր հարցին հստակ պատասխանեց իրավաբան Վասիլ Բալախաձեն։

Ախալքալաքի զինվորական հաշվառման և զինակոչի ծառայության պետը տեղեկացրեց նաև, որ Վրաստանի Պաշտպանության նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը ունեն համատեղ պայմանագիր, որ որոշ կրթական հաստատությունների ուսանողները ուսումնառության ընթացքում իրավունք ունեն չծառայելու։

Այս նյութը պատրաստելու ընթացքում Հայաստանի պետական բուհերից մեկում հեռակա ֆակուլտետում սովորող երիտասարդի տուն էին այցելել զինկոմիսարիատի աշխատակիցներ, ճշտելու, որ եթե չի ստորագրելու ծանուցագիրը, ապա համապատասխան 2000 լարի վճարում պետք է կատարի տարկետման համար, եթե չի ուզում ծառայել։

Ախալքալաքի զինվորական հաշվառման և զինակոչի ծառայության պետ Ռուբիկ Աբաջյանը ասում է, որ շատերը տեղյակ չեն իրենց իրավունքներից և անտեղյակությունը երբեմն վիճահարույց է դառնում։ Մեր ներկայությամբ Ռուբիկ Աբաջյանի գրասենյակում հայր ու տղա էին, տղան 18 տարին լրանալուց հետո հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից, այլ երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով, սակայն դեռ չի զրկվել Վրաստանի քաղաքացիությունից։

«Քանի դեռ նա համարվում է Վրաստանի քաղաքացի պարտավոր է անցնել զինվորական ստուգում և ծառայության պիտանի լինելու դեպքում պետք է ծառայի վրացական բանակում և եթե 3 ամսից կզրկվի վրացական քաղաքացիությունից, ապա կդադարեցվի նրա զինվորական ծառայությունը ևս», – ներկաներին այսպես էր բացատրում Ռուբիկ Աբաջյանը։

Տղայի ծնողը անիմաստ է համարում 3 ամսվա համար ծառայության ուղարկելը և հարցնում էր, թե ի՞նչ թուղթ է անհրաժեշտ, որ զինակոչի ծանուցագիր այլևս չուղարկեն իրենց տուն։ Այս խնդրի վերաբերյալ ևս խոսեցինք իրավաբանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ նման դեպքերում պարզապես պետք է 80 աշխատանքային օր սպասել, եթե այդ ժամկետից հետո տղան չզրկվեր Վրաստանի քաղաքացիությունից, այդ ժամանակ նոր նա ենթակա կլինի զորակոչվելու բանակ, սպասելու համար հիմք կարող է ծառայել անձնագրային բաժնից ներկայացվող տեղեկանքը, որը կփաստի այն, որ տղան հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից։

Այս կամ նման խնդիրներ հնարավոր է կրկնվեն և չի բացառվում, որ օրենքի ոչ հստակությունը կամ իրավունքին տեղյակ չլինելը օրվա հացն հազիվ ապահովող ախալքալաքցուն ստիպի հասնել բանկ հերթական կրեդիտի հետևից, որպեսզի կրթությունը կիսատ չթողնելու համար վճարումը կատարի։

ՀԱՎԵԼՎԱԾ

Հոդված 30. Զինվորական ծառայության զորակոչի հետաձգումը

1. ժամկետային զինծառայողի ծառայությունը կարող է հետաձգվել, եթե․

ա․ առողջական վիճակի պատճառով ժամանակավոր (մեկ տարի ժամկետով), համարվում է ոչ պիտանի

ա․1 Զինվորական ծառայության համար համարվում է ոչ պիտանի

բ․ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում – նախքան համապատասխան մարմինները համապատասխան որոշում կկայացնեն,

գ․ Վրաստանի բարձրագույն կրթական հաստատության կամ օտար երկրի օրենսդրության համաձայն օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող է հանդիսանում…

գ2․ Բարձրագույն բժշկական ուսման ասպիրանտուրայի ռեզիդենտ է հանդիսանում և/կամ այլընտրանքային ասպիրանտուրայի աստիճան ունեցող անձի, ով ծրագրով նախատեսված ժամանակահատվածում մասնագիտական ուսուցանում է իրականացնում որևէ բժշկական հաստատությունում

դ․ Վճարել են «Պարտադիր ծառայության հետաձգման համար» Վրաստանի օրենքով սահմանված տուրքը

է․ Ընդհանուր կրթական հաստատության աշակերտ են` մինչեւ 20 տարեկան

է1․Ընդհանուր կրթական հաստատության ավարտման ընթացքում գրանցվել են ազգային քննությունների համար, նախքան քննությունների արդյունքների հրապարակումը, այնուհետև քննությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ որ իրավունք են ձեռք բերում սովորել բարձրագույն հաստատությունում, այնուհետև այս հոդվածի գ1 կետի հաստատությունում ուսուցանում են

է․2 Ակադեմիական բարձրագույն կրթության բակալավրիատի ծրագրի ավարտից հետո գրանցվել են միասնական մագիստրատուրայի քննությանը, Մագիստրատուրայի քննության հաջող ավարտի դեպքում, մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված քննության արդյունքների հրապարակումը, իսկ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից որոշված քննությունների հաջողությամբ անցնելու դեպքում մինչեւ ակադեմիական բարձրագույն կրթություն անցնելը նախքան այս պարբերության «գ1» ենթապարբերությամբ նախատեսված ուսուցանումը

է․3 Դիմելով հանձնաժողովին` խնդրանքով հետաձգել զինվորական ծառայության զորակոչը, ուսումը շարունակելու բարձրագույն հաստատությունում դոկտորի աստիճանի համար։ Ուսումնական մագիստրատուրայի ավարտից հետո մինչև այս հոդվածի «գ1» ենթապարբերությամբ նախատեսված դիմումի ներկայացումը, դիմումի ներկայացնելուց հետո, նույն տարվա ընթացքում այս հոդվածի «գ1» ենթապարբերության համաձայն այն ուսումնական հաստատության հաստատումը, որտեղ որ դիմում էր ներկայացվել

է․4 Բարձրագույն բժշկական հաստատության ավարտի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոնի համաձայն դիմում է ներկայացրել Կլինիկական օրդինատուրա մրցույթին, մինչև գրանցման ավարտը, նույն տարվա գ2 ենթապարբերության կուսուցանի բարձրագույն հաստատությունում։

վ․ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամ ունի (ամուսին, մայր, հայր, քույր, եղբայր, տատիկ, պապիկ), մշտապես բնակվող անձ (նույն հասցեում գրանցված), բացառությամբ, երբ չափահաս ընտանիքի անդամն ապրում է նույն հասցեում և հաշմանդամություն չունի։ Եթե ընտանիքի անդամի հետ ապրում է անձ, որը պարտադիր պետք է անցնի զինծառայություն, ընտանիքի ադնամներից պետք է ծառայի տարիքով մեծը, փոքրը կծառայի այն դեպքում եթե ինքնակամ դիմում ներկայացնի ծառայության համար։

զ. Ունի երկու կամ ավել երեխա

կ․ Նրա խնամակալությանն են քույրը կամ եղբայրը

լ․ Քահանա է կամ սեմինարիայում է ուսուցանում

մ․ Միակ զավակն է

ն․ Գյուղում ուսուցիչ կամ բժիշկ է աշխատում

ո․ Վրաստանի վարչապետի կողմից տրվում է տարկետում

պ․ Ունի մեկ երեխա, երեխայի ունենալու օրվանից երեք տարի ժամկետով

ժ․ Ունի դոկտորի աստիճան կամ դրան համարժեք աստիճան և զբաղվում է մանկավարժական կամ գիտահետազոտական գործունեությամբ

2. Եթե զորակոչիկը պարտադիր ծառայության ժամանակ Վրաստանի օրենսդրության համաձայն գրանցվել է Վրաստանի խորհրդարանի անդամության թեկնածու, ծառայությունը կհետաձգվի մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարումը

3. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված վճարման պայմաններով, որը սահմանվում են Վրաստանի օրենքով՝ «Պարտադիր ծառայության հետաձգման վճարումը»։

4. Սույն հոդվածի 1-ին կետի «վ» ենթակետով նախատեսված դեպքում զինծառայողը պարտադիր զինվորական ծառայությունից չի ազատվի, եթե անձը հաշմանդամ է ունի հաշմանդամության կարգավիճակ հաստատող փաստաթուղթ, անատոմիական և մտավոր արատների պատճառով, որի դեպքում Ըստ Վրաստանի օրենսդրության հաշմանդամության առկայության դեպքում թույլատրելի է աշխատել հատուկ պայմաններում։

Սոնա Տոնականյան