Չնայած այն հանգամանքին, որ ցանկանում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի ծախսերում ներառել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների խրախուսական կրթաթոշակ, այն չի ներառվել բյուջեում և չի տրվում ուսանողներին։ Ախալքալաքում կա՞ այս կրթաթոշակի անհրաժեշտությունը, և ինչպիսի՞ կրթաթոշակներ են ստանում ուսանողները։
Նոյեմբերի 22-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն նիստում քննարկել է 2024 թվականի բյուջեի նախագիծը։ Պատգամավորները նախագիծը վերադարձրել են Ախալքալաքի քաղաքապետարան՝ լրամշակման՝ առաջարկներով հանդերձ։ Պատգամավորների կողմից արված առաջարկների թվում էր նաև «Գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին միանվագ դրամական պարգև սահմանելու մասին» կետը։ Սակայն, արդյունքում, այս կետը բյուջեում չի ներառվել։
Արդեն երկրորդ տարին է՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետը միջոցներ է հատկացնում գերազանց ակադեմիական առաջադիմություն ունեցող ուսանողներին։ Գերազանց ուսանողը մունիցիպալիտետից տարեկան ստանում է 500 լարի։
Շատ ուսանողներ չեն ստանում որևէ ֆինանսական աջակցություն, չնայած այն հանգամանքին, որ կան կրթաթոշակներ ստանալու տարբեր հնարավորություններ՝ համալսարանական կրթաթոշակներ, պետական և մունիցիպալ կրթաթոշակներ։
«Ինչ-որ մեկը կարող է կրթաթոշակը հավաքել և իր համար ինչ-որ բան գնել, կան ուսանողներ, որոնք վճարում են այս գումարով բնակարանի վարձը: Տարբեր է: Եթե վերցնենք վարձը, կոմունալ ծախսերը, ամսական ընդհանուր ծախսերը, ապա ես ծախսում եմ ավելի քան 500 լարի»,- ասում է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիդա Ալմասյանը, ով սովորում է Թբիլիսիում։
Դիանա Սահարյանը, թեև սովորում է Ախալքալաքում, տանը մոտ, միևնույն է ստիպված է բնակարան վարձել և կոմունալ վճարումներ տալ, քանի որ նա չի կարող ամեն օր Հոկամից Ախալքալաք գալ։ Ախալքալաքի համալսարան հասնելու համար ամեն օր հասարակական տրանսպորտ չկա, իսկ տաքսին թանկ է:
«Ես համալսարանի կրթաթոշակ եմ ստանում 300 լարի, այսինքն՝ 5 ամսում ստացել ենք 300 լարի, ամսական 60 լարի, որը շատ չէ, բայց այս տարի 1500 լարի պետական կրթաթոշակ եմ ստացել 5 ամսում։ Մյուս մունիցիպալիտետներում տեղական իշխանությունները կրթաթոշակ են տրամադրում, և ամենափոքր գումարը հատկացնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետը՝ 500 լարի, օրինակ՝ Բորժոմիի մունիցիպալիտետը տալիս է 1000 լարի։ Սա, իհարկե, հսկայական օգնություն է ուսանողի համար։ Գիտեք՝ ինչքան էլ մոտ ապրես քո տանը, տնից ուտելիք բերես, ուսանող ես և այլ ծախսեր էլ ունես, օրինակ՝ գրքեր, պատճենահանումներ և այլն, մենք չորսով ենք բնակարան վարձում, վճարում ենք 300 լարի, կոմունալ ծառայությունների հետ միասին, քանի որ ձմռանն ավելի թանկ է, մեկ անձի համար ծախսում ենք մոտ 150 լարի, ուսանողներ կան, որ տաքսիով են գալիս Կումուրդո գյուղից, բայց նրանց ծախսերն ավելի շատ է և հարմար էլ չի, քանի որ նրանք պետք է սպասեն միմյանց, որպեսզի հետ գնան տուն տաքսիով»,- ասում է Սամցխե-Ջավախքի համալսարանի վրաց լեզվի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Սահարյանը։
Բելլան սովորում է բժշկականում և նախատեսում է ավարտել իր օրդինատուրան արտասահմանում, որից հետո կվերադառնա Ախալքալաք և կաշխատի տեղում՝ հնարավոր է համատեղելով աշխատանքը Թբիլիսիում: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ նա ստանում է պետությունից կրթաթոշակ, նա աշխատում է նաև իրեն ապահովելու համար։
«Ես նախագահի կրթաթոշակ եմ ստանում, Հայկական կրթական հիմնադրամից էլ եմ կրթաթոշակ ստանում: Այս կիսամյակում 1500 լարի էր, անցած կիսամյակում 750 լարի էր: Խնդիրն այն է, որ Թբիլիսիում կյանքը թանկացել է: Ես ստիպված էի սկսել աշխատել, բացի այդ՝ ես հիվանդանոցներում պրակտիկաների եմ, սկսել եմ աշխատել դեղատանը, քանի որ բնակարանի վարձը շատ է թանկացել, վճարում ենք 700 լարի, իսկ այլ վայրերից ուսանողի համար օգնություն չկա, հետևաբար պետք է աշխատել: Օրինակ ես ծախսում եմ ամսական 600-700 լարի, երբեմն ավելի շատ, եթե օրինակ ուզում ես հագուստ գնել կամ այլ բան: Մունիցիպալիտետի կրթաթոշակը մոտիվացիա է, ներդրում է մունիցիպալիտետի ապագայի համար: Սա մոտիվացնում է ուսանողին ավելի լավ սովորել: Երբ իմացա, որ այլ մունիցիպալիտետներից երեխաները տեղական բյուջեից կրթաթոշակներ են ստանում, իսկ ես՝ ոչ, ինձ վիրավորված զգացի», – ասում է բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհին:
Ուսանողները կրթաթոշակներ են ստանում հիմնականում բարձր ակադեմիական առաջադիմության, ակտիվության, տարբեր ծրագրերի մասնակցության արդյունքում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորների կողմից արված «գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների համար նախատեսել միանվագ դրամական պարգև» առաջարկի և դրան հաջորդած արձագանքի վերաբերյալ Սակրեբուլոյի նախագահը պատասխանել է, որ իրենք առանձին չեն քննարկել, թե ինչու և ինչպես են ընդունվել այս փոփոխությունները, ինչու են որոշներն ընտրվել, իսկ մյուսները՝ մերժվել։
«Այս առաջարկը բյուջեում չի ներառվել, փոփոխություններ չեն կատարվել, երբեմն լինում է, որ ինչ-որ հարցի համար լոբբինգ ենք անում, իրենք (քաղաքապետարանը) համաձայն չեն, բայց հետո 2-3 անգամ այդ փոփոխություններն ենք անում, հաճախ առաջարկներ են արվում մաս-մաս. Գուցե այս պահին այս գաղափարն անտեղի է համարվել, միգուցե հետո կմտցվի»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։
Ախալքալաքի քաղաքապետարանում ֆինանսների վարչությունը, որի ներկայացուցիչները ներկա են եղել բյուջեի քննարկումներին և լսել պատգամավորների առաջարկությունները, բացատրել են, որ իրենց աշխատանքը ներառում է ծառայությունների պահանջով ֆինանսների բաշխումը։ Երկրորդ ծառայությունը, որը նույնպես ներկա է եղել քննարկումներին՝ սոցիալական ծառայությունը, պարզաբանել է, որ այս առաջարկը մտնում է կրթության ծառայության իրավասության մեջ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությունն իր հերթին պատասխանել է, որ իրենք տեղեկություն չունեն այս առաջարկի մասին։
«Կրթաթոշակը մեր ծառայությունը չի տրամադրում, միգուցե սոցիալական ծառայությունը նման կետ ունի: Կրթաթոշակի վերաբերյալ մեզ ուսանողները նույնպես չեն դիմել: Ինչ վերաբերում է սակրեբուլոյում արված առաջարկին, ես դրա մասին չեմ լսել»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետի պաշտոնակատար Օլիկո Մելիքիձեն։
Հարկ է նշել, որ ոչ միայն Ախալքալաքի մունիցիպալիտետը չի մտցրել այս կրթաթոշակը մունիցիպալ բյուջե, այլ նաև շատ ուրիշներ, այդ թվում՝ Մառնեուլիի մունիցիպալիտետը:
«Ես ստանում եմ 1500 լարի պետական կրթաթոշակ, բայց հետաքրքրվել եմ ՝ Մառնեուլիում ուսանողներին կրթաթոշակ չեն տալիս, թեև օրինակ Բոլնիսին փոքր մունիցիպալիտետ է, բայց հատկացնում է, որքան գիտեմ՝ Թեթրիծղարոն էլ, բայց Մառնեուլին չունի նման կետ: Ես ինքս իրենց չեմ դիմել: Ես ընտանիքիս հետ եմ ապրում Թբիլիսիում, բայց ընդհանուր առմամբ բնակարան վարձելու, սննդի, կոմունալ ծախսերի և այլ ծախսերի համար 1500 լարին քիչ է, կարծում եմ»,- ասում է Էդիկ Քամալյանը , Շահումյան գյուղի բնակիչը, ով սովորում է Քաղաքագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկի և Վրաստան վերաբնակիչների հոսքի հետ մեկտեղ մեծ հարվածներից մեկը եղավ ուսանողների գրպանին, որոնց կյանքը թանկացել է բնակելի տարածքի պահանջարկի աճի և դրան հաջորդած բնակարանների վարձակալության գների բարձրացման պատճառով։