Ախալքալաքում և տարածաշրջանում արդեն մի քանի օր է, ինչ «խելացի» տեսախցիկներն արձանագրում են ճանապարհային երթևեկի խախտումները: Մի քանի մարդ արդեն տուգանվել է:
Մասնավորապես, ինչպես ասում են վարորդները, նրանց տուգանում են տրանսպորտային միջոցների տեխզննում չանցնելու և արագությունը գերազանցելու համար:
«Ինձ տուգանեցին Ծալկա-Թբիլիսի ճանապարհին: Մինչև դեկտեմբերի 18-ը տուգանք չկար, սակայն դեկտեմբերի 18-ից հետո շատերը տուգանվեցին: Ես տուգանվեցի 50 լարիով` տեխզննում չանցնելու համար», – ասում է Jnews-ի ընթերցողը:
Պարեկային ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ տեսախցիկներն արձանագրում են խախտումները և հայտնեցին, որ «խելացի» տեսախցիկներն աշխատում են ամբողջ երկրում:
Խելացի տեսախցիկները տեղադրված են 9 վայրերում, Ախալքալաքի մուտքերին, ինչպես նաև քաղաքի կենտրոնական փողոցում: Դրանք արձանագրում են ճանապարհային երթևեկի կանոնների խախտումները, նաև դրանց օգնությամբ հնարավոր կլինի մանրամասն վերահսկել տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը: Տեսախցիկները տեղադրվել են ՆԳՆ-ի նախաձեռնությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմամբ: Քաղաքի 9 վայրերում կա 18 միավոր տեսախցիկ:
«Խելացի» տեսախցիկների կողմից արձանագրված տուգանքների 60%-ը կփոխանցվի տեղական բյուջե, իսկ մնացած 40%-ը` կենտրոնական բյուջե: Մունիցիպալիտետի «խելացի» տեսախցիկների սպասարկման համար հատկացրել է 48 000 լարի:
Նշենք, որ Ախալքալաքի «խելացի» տեսախցիկները մինչ հիմա էլ աշխատում էին, բայց խախտումներ չէին արձանագրում: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ենթակառուցվածքները և ճանապարհային նշանները նորմալ վիճակում չէին: Ախալքալաքում տեղադրվել են նոր ճանապարհային նշաններ, բայց ոչ ամենուր, իսկ կենտրոնական փողոցները՝ Թավիսուփլեբա (Ազատության), Ջավախեթյան, Նալբանդյան, ինչպես նաև կենտրոնական փողոցների մեծ փոսերով հատվածներ ոչ մի կերպ չեն բարեկարգվում:
Քրիստինե Մարաբյան