Թե երբ կբացվի Ախալքալաքի լողավազանը, որը սեպտեմբերի սկզբից մաքրման աշխատանքների համար փակ է, հայտնի չէ։
Սեպտեմբերի սկզբին Ախալքալաքի լողավազանը փակվել էր մաքրման աշխատանքների համար, որոնք պետք է իրականացվեին մեկ ամսվա ընթացքում։ Մաքրման աշխատանքներն իրականացվում են վեց ամիսը մեկ։ Մեկ ամսվա ընթացքում լողավազանը ջրազրկվում է, մաքրումից հետո ջուրը լցվում է և տաքացվում, դրա վրա է ծախսվում ժամանակի մեծ մասը: Ախալքալաքի լողավազանի տնօրենի խոսքով, դեռ լողավազանը չի աշխատի, թեև ամիսն արդեն անցել է, սակայն, ըստ նրա, տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնք այժմ լուծում են:
Ախալքալաքի լողավազանը գործում է 2012 թվականից։ Տարիների ընթացքում լողավազանում տարբեր խնդիրներ են առաջացել, գրեթե ամեն տարի լողավազանը մի քանի ամսով չի աշխատել։ Նշենք, որ այն բացվել էր այս տարվա ապրիլին՝ 2-3 տարի դադարից հետո, սկզբում այն չի աշխատել տեխնիկական պատճառներով, իսկ հետո՝ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների գործարկման պատճառով։
Նշենք, որ այս մունիցիպալ հիմնարկի եկամուտը կազմում է 10 000 լարի, իսկ ծախսերը՝ տասնապատիկ անգամ ավելի՝ 2020 թվականին լողավազանի շահագործման համար հատկացվել է 177 000 լարի, 2021 թվականին գումարը նվազել է մինչև 93 000 լարի։ Այս տարի լողավազանի բյուջեն կազմում է 188 800 լարի։ Ընթացիկ տարվա ամառվա ժամանակահատվածում՝ մաքրման նպատակով փակվելուց առաջ, լողավազանում այցելուների թվի աճ էր գրանցվել։