Երևան է վերադարձել 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և վերադարձված հայ զինծառայողների առաջին խումբը։ Գերիները հայրենիք են վերադարձել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Հայաստանի փոխվարչապետ Տգրան Ավինյանը հայտնել է, որ այսօր ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց:
«Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։
Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի եւ Կարմիր Խաչի կողմից: Անհետ կորած եւ հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:
Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացրել է Տիգրան Ավինյան։
44 գերի տեղափոխած օդանավը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։
Հայկական կողմը 12 ռազմագերիներ է հանձնել Ադրբեջանին։ Այս մասին գրում է «Republic of Artsakh» թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովի խոսքը։
Ավելի վաղ Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել ռազմագերիների խումբ, ինչպես նաև՝ 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։