Ախալքալաքի բնակիչների մեծ մասը, ովքեր օտարերկրյա քաղաքացիություն ունեն, չեն կարողանում վերադառնալ տուն՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակված սահմանների պատճառով: Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավելի քան 10 բնակիչներ եկել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի մոտ՝ խնդրանքով աջակցել իրենց հարազատներին վերադառնալ տուն:
Ախալքալաքի տարբեր գյուղերի և քաղաքի որոշ բնակիչներ հավաքվել էին այն շենքի մոտ, որտեղ գտնվում է «Վրացական երազանքի» նախընտրական շտաբը: Նրանց հետ հանդիպեց իշխող կուսակցության պատգամավոր Սամվել Մանուկյանը:
Պատգամավորին դիմելու պատճառն այն է, որ այս մարդկանց հարազատները չեն կարողանում տուն վերադառնալ: Կորոնավիրուսի պատճառով, Վրաստանը փակել է իր սահմանները 2020 թվականի գարնանից և ընդունում է միայն Վրաստանի քաղաքացիներին, ովքեր վերադառնում են արտերկրից, կամ օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Վրաստանում ունեն ընտանիք, այսինքն՝ անչափահաս երեխաներ և կին/ամուսին, Վրաստան կարող են գալ նաև այն օտարերկրացիները, ովքեր գործնական նպատակներ ունեն Վրաստանում, եթե կա կնքված և ստորագրված պայմանագիր: Մնացած բոլոր դեպքերում օտարերկրացիներին արգելվում է մուտք գործել Վրաստան: Հաշվի չի առնվում, որ, օրինակ, մեկ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձն ապրում է Վրաստանում, ունի կացության թույլտվություն կամ այցելում է իր ծնողներին:
Հետեւաբար, Ախալքալաքի բազում բնակիչներ ամիսներ շարունակ փորձում են ելք գտնել այս իրավիճակից:
«Այսօր կան շատ տարեցներ, ովքեր խնամակալ չունեն: Նրանց երեխաները պետք է երկիր մտնելու հնարավորություն ունենան», – ասում է հավաքվածներից մեկը:
Այս տարի Ախալքալաքի բնակիչ Վրաստանի քաղաքացիները չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի այլ երկրներ, այդ թվում` երկքաղաքացիները: Կարողացան մեկնել միայն նրանք, ովքեր այլ երկրի քաղաքացիություն ունեն: Հիմա նրանցից շատերը չեն կարողանում վերադառնալ: Դրանք հիմնականում երիտասարդներն են, ովքեր ամուսնացած չեն:
«Չէ՞ որ նրանք գիտեն, թե ինչու են այդ մարդիկ այլ երկրի քաղաքացիություն վերցրել, որպեսզի կարողանան աշխատել: Ի՞նչ տարբերություն՝ երեխա կա, թե ոչ, ամուսնացած ես, թե ոչ: Կին ու երեխաներ չունես, ունես ծնողներ, որոնց պետք է պահել: Եթե մեկ հոգու ներս թողնեն, դա արդյունավետ չէ, օրենքը պետք է փոխեն, որպեսզի մարդիկ վերադառնան տուն: Ճիշտ է, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, բայց նրանք չեն ցանկանում այնտեղ ապրել, դուք դա լավ գիտեք», – ասում է պատգամավորից օգնություն պահանջող մեկ այլ բնակիչ:
Որոշ դեպքերում ուսանողներն էլ չեն կարողանում վերադառնալ:
«Մենք չենք կարող մեր երեխաներին տուն վերադարաձնել: Ինչ-որ մեկի ծնողը չի կարող վերադառնալ, մեկը Ռուսաստանում է, մյուսը` Հայաստանում: 10-11 ամիս է օտար ափերում են: Սա իմ դուստրն է, նա այստեղ է մեծացել, դպրոց հաճախել, կրթություն ստանալու նպատակով մեկնել է Երեւան, չի կարողանում վերադառնալ տուն: Նա 19 տարեկան է, անընդհատ լաց է լինում, մենք էլ նրա հետ ենք լաց լինում: Նա Ռուսաստանի քաղաքացի է, բայց ունի կացության թույլտվություն», – ասում է ուսանողուհու հայրը, ով չի կարողանում տուն վերադառնալ:
Հավաքվածները նաեւ գրավոր հայտարարություն են փոխանցել պատգամավորին: Ստորագրողների թվում կան 9 ծնողներ, ովքեր ցանկանում են վերադարձնել իրենց երեխաներին, իսկ մեկ ստորագրող էլ ցանկանում է, որ իր հորը թողնեն մուտք գործել երկիր: Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք բազմիցս դիմել են համապատասխան գերատեսչություններին, դիմում են լրացրել նաև stop.gov.ge կայքում, սակայն պատասխան չեն ստացել: Հայտարարությունը խնդրանք կա արձագանքելու և օգնելու նրանց հարազատներին տուն վերադարձնելու գործում:
Հուսահատված ծնողներն ամեն ինչի պատրաստ են, այդ թվում՝ վճարել կարանտինի համար կամ կորոնա-թեստի արդյունքները տրամադրել: Սակայն, սա ամենայն հավանականությամբ, չի օգնի գործին: Ինչպես ասաց պատգամավոր Սամվել Մանուկյանը, իրեն շատերն են դիմում օգնության խնդրանքով:
«Ավելի քան 100 մարդ արդեն դիմել է ինձ: Մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ Վրաստանը պարտավոր չէ այլ երկրի քաղաքացիներին ընդունել: Միայն հրատապ դեպքերում է նրանց թույլատրվում մուտք գործել երկիր: Սա հիմնականում այն դեպքերն են, երբ, օրինակ, նրանք կարող են ապացուցել, որ ծնողները մենակ են և ունեն խնամքի կարիք, կամ, եթե ծնողը մահացել է: Այսպես կլինի մինչև հունվարի 31-ը»: