Վրաստանում հերթական անգամ մեկնարկել է «Արտադրի՛ր Վրաստանում» պետական ծրագիրը, որին ախալքալաքցիներն ակտիվորեն չեն մասնակցում։ Ի՞նչ խնդիրների են բախվում ախալքալաքցիները նոր բիզնես գործութնեություն սկսելու կամ արդեն առկա բիզնեսը զարգացնելու նպատակով դրամաշնորհ ստանալու համար, և ի՞նչն է պակասում ախալքալաքցի դիմորդներին՝ ծանոթացե՛ք Jnews-ի պատրաստած նյութում։
«Արտադրի՛ր Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որն ուղղված է միկրո և փոքր բիզնեսի զարգացմանը, ժամանակակից ձեռնարկատիրական մշակույթի ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը, այս տարի կարող է ֆինանսավորվել ավելի քան 300 տնտեսական գործունեության տեսակներ: Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող տնտեսական իրավիճակը՝ նման նախագծերը կարող են սկիզբ հանդիսանալ սեփական գաղափարների զարգացման համար։ Այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:
Ինչպես կառավարական այլ նախագծերը, «Արտադրի՛ր Վրաստանում»-ն ակտիվորեն տարածվում է ազգային փոքրամասնությունների շրջանում:
Սակայն, ինչպես շատ այլ հարցերում, այստեղ էլ արդիական է լեզվի չիմացության խնդիրը։ Չնայած մատչելի լեզվով ձեռնարկի առկայությանը, որը ներառում է ծրագրին դիմելու հրահանգները, ձևաթուղթը լրացնելու համար պահանջվում է վրացերենի իմացություն, որին չեն տիրապետում այն շրջաններում, որտեղ խիտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները: Ուստի մարդիկ, ովքեր չունեն այդ հմտությունները, բայց ցանկանում են օգտվել այս հնարավորությունից, դիմում են մարդկանց, որոնք իրենց փոխարեն լրացնում են ձևաթուղթը և բիզնես պլան կազմում ՝գումարի դիմաց։ Սակայն դա երաշխիք չէ, որ նախագիծը կանցնի։ Փորձագետը, ում հետ զրուցեցինք այս թեմայով, նմանատիպ բիզնես նախագծեր է գրում «Արտադրի՛ր Վրաստանում» ծրագրով և ոչ միայն, ուստի նա որոշեց չներկայանալ։
«Երբ առաջին անգամ հայտարարվեց, շատ նախագծեր էին անցկացվում: Իմ գրածներից, որքան հիշում եմ, 17-ից 13-14-ն անցել էին։ Այն ժամանակ բյուջեն ընդամենը 5000 լարի էր։ Նինոծմինդայում շատերն օգտվեցին այս հնարավորությունից։ Առաջնայինը գյուղատնտեսությունն էր: Երկրորդ տարում մոտ 13 շահառուների համար օգնեցի կազմել բիզնես պլան, որոնցից 11-ն անցան, ինձ համար սա լավ ցուցանիշ էր, քանի որ դա կազմում էր 70%-ը։ Երրորդ անգամ ես օգնեցի գրել 11 բիզնես նախագիծ, 8 նախագիծն անմիջապես մերժվեցին, առաջին փուլն անցան ևս 3-ը, բայց երկրորդ փուլում դուրս մնացին։ Այսինքն՝ 0% անցողունակություն: Ուզում էի հասկանալ, թե որն էր մերժման պատճառը։ Սովորաբար Ախալքալաքում գալիս են քեզ մոտ ու ասում՝ գրիր, եթե կլինի՝ լավ է, եթե չի լինի՝ ոչինչ։ Եթե չկա մոտիվացիա, ապա դա անարդյունավետ է։ Բայց եթե գալիս են մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում և հասկանում են, թե ինչ հնարավորություններ ունեն, հասկանում ես, որ մարդը մտածել է այդ մասին և գիտի, որ արդյունքի է ուզում հասնել։ Բնակչությունը կարծում է, որ պետք է ծանոթ լինի, որ սեփական նախագիծն անցնի»,- ասում է նա։
Ախալքալաքում գործում է «SEREC» ծրագիրը, որի շրջանակներում բնակիչներին աջակցում են տարբեր դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու համար փաստաթղթեր լրացնելու հարցում։ Դրանում նրանց օգնում է մեծ փորձ ունեցող աշխատակիցը, այդ թվում՝ «Արտադրի՛ր Վրաստանում» ծրագրի շրջանակներում, Վաղարշակ Շահբեկյանը։
«Միայն 2020 թվականին ամբողջ Վրաստանից ուղարկվել է 26 600 բիզնես գաղափար, որից անցել է 4 600 նախագիծ։ Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի մեծ մրցակցության մասին է խոսքը։ Մոռացեք այն մասին, որ ասում են, միջից պետք է ծանոթ լինի: Ես աշխատել եմ 2015 թվականից մինչև 2018 թվականը: Եվ գործընթացը այսպիսին է. Ոչ ոք չի տեսնում քո անունը կամ ազգանունը, և ոչ ոք չգիտի, թե ով ես դու։ Նրանք նայում են միայն տարիքին և սեռին: Հետո այն փոխանցվում է ոլորտների փորձագետներին, ովքեր դիտարկում են, թե որ շրջանի և ինչ բիզնեսի մասին է խոսքը, ինչ պետք է արտադրվի կամ ինչ ծառայություն մատուցվի։ Նրանք քաջատեղյակ կլինեն շրջանին և տեղյակ կլինեն պոտենցիալ մրցակցության մասին, ուստի պետք է ազնիվ լինել»,- ասում է նա։
Դրամաշնորհը ստանալու համար պետք է անցնել 4 փուլ. Առաջինը բիզնես գաղափարի ներկայացումն է, ապա առաջին փուլը հաղթահարողները հրավիրվում են բիզնես պլան գրելու դասընթացների։ Այնուհետև բիզնես պլանի դիտարկման և ծրագրի իրականացման փուլերն են:
Մյուս սխալն այն էր, որ ավարտված նախագծերը մնում են սևագրերում և չեն ուղարկվում, Նինոծմինդայում մոտ 15 ծրագիր այս կերպ հաշվի չեն առնվել։ Ըստ Վաղարշակ Շահբեկյանի՝ 2020 թվականին Սամցխե-Ջավախքից և Քվեմո Քարթլիից ուղարկվել է 2 800 նախագիծ։
«Այս տարի հեշտացել է, հայերենով բացատրություն կա:Հնարավոր է նաև պատճենել և տեղադրել, այսինքն՝ դիմորդը կարող է գրել, տալ թարգմանության… Բայց, միևնույն է, կարող են լինել դժվարություններ։ Ամեն դեպքում, համեմատած մյուս նախագծերի հետ, դա այնքան էլ դժվար չէ։ Մեզ մոտ օրական մուտք է գործում մոտավորապես 10 զանգ, և անձամբ դիմում են 8-10 հոգի։ Հիմնականում հարցնում են, թե որ բիզնես գաղափարները կարելի է զարգացնել, ինչն է կարելի,իսկ ինչը՝ ոչ, ինչպես լրացնել, ինչը չեն հասկանում՝ հարցնում են։ Ես այս ծրագրի բիզնես-զարգացման պատասխանատուն էի»,- ասում է Ախալքալաքում «SEREC» ծրագրի համակարգող Վաղարշակ Շահբեկյանը:
Հիշեցնենք, որ ծրագրին մասնակցելու համար բիզնես գաղափարների ընդունումը մեկնարկել է մարտի 21-ից և կշարունակվի մինչև ապրիլի 11-ը (15:00-ն):
Մանրամասների համար անցեք ստորև նշված հղումով՝
Ինչպես ավելի հասանելի դարձնել բիզնեսին աջակցության ծրագիրը՝ Ջավախքում