Մայիսի 4-ից 12-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Վրաստանում հայտարարվել է հանգստյան օրեր, սակայն ոչ աշխատանքային օրերը չեն վերաբերում ոչ պետական հաստատություններին։
Հանգստյան օրերի մասին տարածված տեղեկությունը տարբեր հաստատությունների աշխատողների մոտ խառնաշփոթ է առաջացրել, մարդիկ չեն կողմնորոշվում, պետք է աշխատել այդ օրերին, թե՝ ոչ։
Այդ պատճառով JNEWS-ը փորձեց կառավարության թեժ գծից ճշտել արդյո՞ք ոչ աշխատանքային օրերը վերաբերում են նաև ոչ պետական հաստատություններին։
Մեզ պարզաբանեցին՝
«Քանի որ ատամնաբուժարանները, գեղեցկության սրահները և այլ նմանատիպ հաստատություններ մասնավոր հատվածին են պատկանում, իհարկե, այդպիսի կենտրոններին նույնպես առաջարկություն կա, որպեսզի մաքսիմալ պահպանեն հեռավար աշխատելաձևը, սակայն ոչ աշխատանքային հայտարարված օրերը նրանց չի վերաբերում։ Նրանք կարող են իրենց աշխատողների հետ պայմանավորվել աշխտանքի ռեժիմի վերաբերյալ։ Եթե նրանք աշխատեն ոչ մի արգելք կամ տուգանք չի լինի», – ասացին կառավարության թեժ գծից։
Այսինքն՝ յուրաքանչյուր մասնավոր հատվածում աշխատող հաստատություն կարող է սովորական ձևով շարունակել իր աշխատանքը, ինչպիսին են գեղեցկության սրահները, ատամնաբուժարանները, խանութները և այլն։
Նրանց աշխատանքը չի կարող տուգանվել ոչ մի կերպ։