Վրաստանում՝ հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, գրանցվել է 11 196 հրդեհ, որը խլել է 45 մարդու կյանք: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի կայքի նյութերում:

Ըստ վերոհիշյալ նյութերի՝ նշված ժամանակահատվածում բռնկված հրդեհների ընթացքում ամբողջությամբ այրվել է 354 շենք: Հրդեհի արդյունքում վնասվածքներ և այրվածքներ է ստացել 144 հոգի:

Ըստ «Սաքստատ»-ի տվյալների՝ Վրաստանում հրդեհների ամենամեծ քանակը գրանցվել է 2017 թվականին՝ 15 222 հրդեհ, իսկ ամենաքիչը 2002 թվականին՝ 4 159:

2020 թվականի ամենախոշոր հրդեհները.

Դեկտեմբերի սկզբին Թբիլիսիում հրդեհվել էր մայրաքաղաքի ամենամեծ շուկայի` Լիլոյի պահեստը: Արդյունքում այրվել էր 1000 ք/մ տարածք: Վնասի չափը հասել էր 15 միլիոն լարիի:

Հունիսին Վարկեթիլիում գտնվող շուկայի տարածքը գրեթե ամբողջությամբ հրդեհվել էր: Հրդեհը տարածվել էր չորս հազար քառակուսի մետր տարածքում: Վնասը նույնպես կազմել էր մի քանի միլիոն լարի:

Այս տարին չանցավ և առանց անտառային հրդեհների: Ամռան ընթացքում Սվանեթիի լեռներում մի քանի անգամ հրդեհ գրանցվեց, իսկ գարնանը հրդեհները մոլեգնում էին ամբողջ Վրաստանով մեկ: Հրդեհը մարելու համար անհրաժեշտ եղավ ներգրավել ուղղաթիռներ:

Ամենաողբերգական հրդեհը տեղի ունեցավ այս տարվա փետրվարին՝ Բաղդաթի գյուղում (Իմերեթիի շրջան): Այն բռնկվել էր բնակելի փայտե տանը: Առաջին բրիգադը ժամանել էր զանգից երկու րոպե անց, բայց տունն արդեն ամբողջովին բոցավառվել էր: Հրդեհը տարածվել է 200 ք/մ տարածքով:

Այրվող տուն մտած փրկարարները գտել և տարհանել էին հինգ դի, այդ թվում՝ չորս անչափահասի և մեկ կնոջ: Ավելի ուշ հայտնաբերվել էր նաև տարեց կնոջ դին: