Ինչպես Վրաստանի պետական, այնպես էլ մասնավոր մանկապարտեզները հոկտեմբերի 1-ից կվերսկսեն իրենց աշխատանքը: Միևնույն ժամանակ, նրանք ստիպված կլինեն հետևել համաճարակաբանական անվտանգության որոշակի հանձնարարականների` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Առողջապահության նախարարությունն արդեն տեղեկատվություն է տարածել կանոնակարգերի վերաբերյալ: Մասնավորապես, կողմնակի անձանց, այդ թվում` ծնողներին, կարգելվի մանկապարտեզ մուտք գործել, տարածք մուտք գործել կկարողանան միայն աշխատակիցները և երեխաներին կուղեկցեն հենց նրանք:
Ջերմաչափվելու են բոլոր երեխաները, իսկ ջերմաչափող աշխատակիցը պարտավոր է կրել պաշտպանիչ դիմակ և պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն:
Մանկապարտեզներից պահանջվում է տարածք տրամադրել վիրուսի նշաններ ունեցող երեխաների ժամանակավոր տեղակայման համար` մեկուսացված մնացածից, որտեղ նրանք կմնան՝ մինչ ծնողները կտանեն նրանց:
Մեկուսացման սենյակում բոլոր երեխաները դիմակներ կկրեն և կպահպանեն 1 մետր հեռավորություն:
Վարչակազմը պարտավոր կլինի կազմել երեխաներին բաց տարածքներ դուրս բերելու ժամանակացույց՝ միայն փոքր խմբերով:
Երեխաներին արգելվում է տնից խաղալիքներ բերել: Բացի այդ, խաղալիքները, որոնք չեն կարող լվացվել և ախտահանվել, պետք է հանվեն շրջանառությունից:
Ննջասենյակներում մանկական մահճակալները պետք է տեղակայվեն միմյանց դիմաց` համապատասխան հեռավորությունը պահպանելու համար:
Խաղալիքները պետք է ամեն օր լվանալ՝ օգտագործելով խոզանակ, օճառ և ախտահանիչ հեղուկներ: