Մասնագետները չեն բացառում, որ Վրաստանում կորոնավիրուսային վարակի տարածման կտրուկ աճի ֆոնին ստիպված կլինեն սահմանափակումներ մտցնել: Համաճարակաբաններն ասում են, որ իրենք այս շաբաթ ուշադիր կհետևեն պատվաստման տեմպերին և վարակակիրների թվաքանակին:
«Այս շաբաթը վճռորոշ է ինչպես պատվաստումների, այնպես էլ վարակվածների թվի և հաջորդ օրերի կանխատեսումները կատարելու առումով:
Այսպիսով, հարկավոր են ավելի շատ պատվաստված մարդիկ, ավելի շատ զգուշություն, ավելի հաճախ դիմակներ կրել, հատկապես փակ տարածքում։
Եվ, որ ամենակարևորն է, դադարեք կազմակերպել և գնալ խնջույքների, երեկույթների, հարսանիքների, հոգեհացերի, քանի որ կորոնավիրուսի դելտա շտամով վարակված 2-3 մարդու հետ միևնույն տարածքում լինելը բավական է տասնյակ մարդկանց վարակելու համար», – հայտարարել է Թբիլիսիի Մ. Իաշվիլիի անվան մանկական կլինիկայի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն:
Մասնագետները կարծում են, որ վարակման դեպքերը կշարունակեն աճել:
Համաճարակաբան Օթար Չոկոշվիլին նշում է, որ երկիրը դեռ չի հասել կորոնավիրուսի տարածման գագաթնակետին:
«Դժվար է ասել, թե երբ կհասնենք գագաթնակետին, բայց դա կտևի մի քանի շաբաթ: Եթե դեպքերի թիվն արագ աճի, ապա իրավիճակը շատ ավելի կբարդանա: Դրան կարող է հաջորդել մահացության աճը, եւ այդ դեպքում երկիրը կկանգնի սահմանափակումներ կիրառելու անխուսափելի անհրաժեշտության առջեւ», – ասել է Չոկոշվիլին:
Վրաստանում, համաճարակի սկզբից ի վեր, գրանցվել է վարակի ավելի քան 413 հազար դեպք, ավելի քան 379 հազարը բուժվել են, մահացել է՝ 5 768-ը:
Վրաստանն այժմ ապրում է կորոնավիրուսի ծանր չորրորդ ալիքը: Հիմա օրական կորոնավիրուսային վարակի ավելի շատ դեպքեր են գրանցվում, քան երրորդ ալիքի գագաթնակետի ընթացքում էր:
Համաճարակաբանները վարակի նման կտրուկ աճը կապում են կորոնավիրուսի նոր շտամերի տարածման հետ: Այսօր Վրաստանում հաշվառվում են բրիտանական, հնդկական, նույն ինքը՝ դելտա շտամը, ինչպես նաև դելտա-պլյուս շտամը: Մասնագետներն ակնկալում են, որ հնդկական շտամն օգոստոսին ամբողջովին կփոխարինի բրիտանականին: