Ջավախքի բնակչությունը դեռ իր երկրի հասարակական-քաղաքական կյանքին ինտեգրվելու խնդիր ունի: Տեղում երիտասարդները հեռանկար չեն գտնում՝ աշխատատեղերի բացակայության, լեզվի չիմացության պատճառով… Հիմնականում երիտասարդները հաջողության են հասնում Վրաստանից դուրս: Սակայն, կան երիտասարդներ, ովքեր հաջողության են հասնում այստեղ և քայլում ժամանակին համընթաց:

Գավառական քաղաքներում ինքնաիրացվելը բազմիցս նվազում է այն շրջանների դեպքում, որտեղ կոմպակտ ապրում են ազգային փոքրամասնությունները, որտեղ երիտասարդների զարգացման և առաջխաղացման համար հնարավորությունները քիչ են: Խոպանն ընտանիքի կայացման և պահպանման միակ ուղին է, որը շատ երիտասարդներ տեսնում են ապրելով Ջավախքում: Սերունդները մեծանում են Ռուսաստան կամ հետխորհրդային տարածքի այլ երկրներ խոպան գնալու և այնտեղ մնալու մտքերով: Այնուամենայնիվ, քիչ դեպքերում երիտասարդները «գտնում են իրենց» հենց այստեղ և դառնում «ոչ այնպիսին, ինչպիսին բոլորն են»:
Sevak Gabrielyan 1

Կրկնակի դժվար է, եթե դու գյուղում ես ապրում: Եթե Ախալքալաքում դեռ կարող ես ինչ-որ զբաղմունք գտնել, ինչպիսին է գեղարվեստը, երաժշտությունը, մարզական դպրոցը, ապա գյուղերում երիտասարդների զբաղմունքը հավասար է զրոյի:

Սեւակն ապրում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Խորենիա գյուղում: Խորենիան սովորական գյուղ է իր խնդիրներով՝ դժվարանցանելի ճանապարհներ և անելանելիություն: Մինչ Սեւակի տուն հասնելը, ինչպես և բոլոր գյուղերում, շատ դժվար է, մինչև ծնկներդ ցեխի մեջ ես կորում: Այստեղ ոչինչ չկա, որպեսզի երիտասարդները չերազեն լքել իրենց բնակավայրը: Բայց, ինտերնետի հայտնվելու և համաշխարհայնացման հետ մեկտեղ, գյուղերում ապրող երիտասարդները հնարավորություն ունեն բազմազանություն մտցնել իրենց կյանքում:

Երբ Սևակը 14 տարեկան էր, նա սկսեց հետաքրքրվել YouTube-ով: Ֆուտբոլային խաղերից հետաքրքիր դրվագները վերբեռնելով նա կարողացավ հավաքել գրեթե կես միլիոն բաժանորդ: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, ոչ միայն նրա գյուղում, այլև ամբողջ շրջանում, որ երիտասարդ տղան, մոնտաժի ծրագրի և YouTube-ի օգնությամբ ամսական 200 եվրո եկամուտ է ստանում և ստացել է «YouTube»-ի արծաթե կոճակ: Լրագրողներն իմացան այս մասին, և այդպիսով սկսվեց սովորական գյուղացի տղայի զարգացման նոր և հետաքրքիր ուղին:

«Այնպես ստացվեց, որ YouTube-ի արծաթե կոճակը շատ բաների սկիզբը հանդիսացավ: Ես սկսեցի ինքնուրույն ուսումնասիրել YouTube-ը, բայց իմ մտքով նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ նման առաջընթաց արձանագրել: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Jnews-ը նյութ պատրաստեց իմ մասին: Հետո լրագրողներից ես իմացա GIPA նախագծի մասին: Մասնակցեցի նրանց ծրագրին», – պատմում է Սևակը:

Ashxatasenyak Sevak

Դրանից հետո Սևակն անցել է GIPA-ի դասընթացները և սկսել նկարահանել վավերագրական, կարճամետրաժ ֆիլմեր: Նա իր առաջին ֆիլմը նկարահանել է իրենց գյուղում խմելու ջրի բացակայության խնդրի մասին: GIPA-ն գնահատել էր տաղանդավոր տղային և հնարավորություն տվել նրան անվճար սովորել նրանց մոտ: Նա չէր կարողացել միանգամից օգտվել այս բացառիկ հնարավորությունից՝ վրացերենի անբավարար իմացության պատճառով: Բայց ընձեռված առիթը նրան դեռ սպասում է:

Այս պահին Սևակը Թբիլիսիի Իլիայի համալսարանի առաջին կուրսի ուսանող է՝ ծրագրավորողի մասնագիտությամբ: Համալսարան նա ընդունվել է «1+4» ծրագրով (արտոնյալ ծրագիր էթնիկ փոքրամասնությունների համար, վրացերենի ուսուցում մեկ տարի, իսկ չորսը՝ մասնագիտական ուսուցում): «GIPA»-ում չկա այս ծրագիրը: Երկրորդ կուրսից նա կշարունակի ուսումն արդեն GIPA-ում, կուսումնասիրի լրագրություն:

«Չէի մտածում, որ մի օր կլքեմ գյուղս, բայց հիմա մտածում եմ այդ ուղղությամբ: Մտածում եմ տեղափոխվել Թբիլիսի: Ես իմ ապագան տեսնում եմ մայրաքաղաքում: Իմ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր գյուղից դուրս չեն գնացել: Նրանք չգիտեն, թե ինչ կա մեծ քաղաքներում, ինչպիսին է կյանքն այնտեղ: Մինչ այս ես նույնպես մտածում էի նրանց պես: Ես առաջ կարծում էի, որ իմ գյուղից լավ տեղ չկա», – կիսվում է Սևակը:

Նա ավելի շատ հակված է վավերագրությանը, քան լրագրությանը: Չնայած նա կարծում է, որ այս երկու մասնագիտությունները շատ նման են իրար:

«Մինչ ԶԼՄ-ները կնկատեին ինձ, ես ուզում էի դառնալ ծրագրավորող, չէի կարծում, որ կհասնեմ լրագրության կամ վավերագրական արվեստին: Այս պահին ես ուսումնասիրում եմ ծրագրավորողի մասնագիտությունը, բայց կտեղափոխվեմ GIPA՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Ես անկեղծ ասած կասկածում եմ, որ լավ ծրագրավորող կդառնամ: Ես եկել եմ այս որոշման, քանի որ գիտեմ իմ հնարավորությունները և հասկացել եմ, թե ինչն է ինձ մոտ լավ ստացվում, իսկ ինչը` ոչ այդքան: Ես դեռ կրկին ցանկանում եմ Youtube-ով զբաղվել, բայց չեմ ուզում կենտրոնանալ միայն ֆուտբոլի վրա: Ես ուզում եմ բազմաբովանդակ դարձնել կոնտենտը, տեղադրել կինոնկարների տեսամեկնաբանումներ», – իր ծրագրերի մասին պատմում է Սևակը:

Սևակը և նրա ընկերները ստեղծել են նաև «FourProduction» տեսանախագիծը: Համացանցում շատ են Ջավախքի հայերից՝ ոչ միայն տեղացիներից, այլ նաև սփյուռքի ջավախահայերից, ովքեր դիտում են «FourProduction» հումորային ծրագիրը: Կծու ծաղրով տեսահոլովակներում Սևակը և նրա երեք ընկերները սթենդ-ափ ձևաչափով խոսում են Ջավախքի սովորությունների, մտածելակերպի և կյանքի մասին:

Ամալյա Բաբայան, սեփական բրենդի դիզայները

Amalya Babayan Ամալյա Բաբայան, 25 տարեկան

Ամալյա Բաբայանի ընտանիքը մշտական բնակություն հաստատելու համար մեկնել է Ռուսաստան՝ Մոսկվա, քանի որ նրա ծնողներն այդպես էին որոշել երիտասարդ տարիներին: Սակայն նա ամեն տարի վերադառնում էր Ախալքալաք, իսկ Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դիպլոմը ստանալուց հետո արձակուրդներին եկավ Ախալքալաք և չցանկացավ հետ վերադառնալ: Նա որոշեց մագիստրատուրան ավարտել Վրաստանում և ընդունվեց Թբիլիսիի պետական համալսարան և այժմ նա երկրորդ կուրսում է սովորում: Նա անցել է Ախալքալաքի երիտասարդների համար Ռոնդելիի հիմնադրամի մեկամյա ծրագիրը: Չնայած մասնագիտության լուրջ ընտրությանը՝ Ամալիան ունի իր նախասիրությունը, որով զբաղվում է և բավականին հաջող: Նա «Նազան» էթնիկ պայուսակների, աքսեսուարների և հագուստի իր սեփական ապրանքանիշի դիզայներն է:

«Ես այս որոշումն ակամայից կայացրեցի: Ամռանը զբոսնում էի Թբիլիսիում, աչքովս ընկավ ջինսից բաճկոն, որի մեջքին էթնիկ կարվածք կար` գորգի նման: Ինձ շատ դուր եկավ գաղափարը: Ես գնեցի կտոր, վերցրեցի եղբորս ջինսերը և կարեցի այս կտորը այդ ջինսերի վրա: Ինձ դուր չեկավ արդյունքը: Ընդհանրապես: Ես այս միտքը մի կողմ թողեցի և դրանից հետո կրկին պատահաբար, հանդիպեցի հայկական ոճով ձեռքի պայուսակների: Եվ նորից մտածեցի, որ կարող եմ փորձել: Դժվարությամբ էի պատկերացնում, թե ինչպես եմ դա անելու: Լրիվ ինտուիցիայով գնեցի այն ամենը, ինչ կարծում էի, որ հարկավոր է», – պատմում է Ամալյան:

NaZaN «Նազան» պայուսակ, որը Վրաստանում կրում են հայտնի բլոգերներ

Նա իր առաջին պայուսակն անմիջապես վաճառեց՝ Instagram-ի միջոցով, որտեղ էջ էր բացել: Հենց այդժամ նա առանց տարակուսանքի որոշեց, որ այս զբաղմունքը կլինի ոչ թե պարզապես նախասիրություն, այլ դա կդառնա իր բիզնեսը:

«Սկսեցի մտածել անվան մասին, շատ տարբերակներ ունեի: Որպես տարբերակ՝ ես քննարկում էի իմ անունը, կային այլ հայկական անուններ էլ, ինչ-որ բառեր: Իսկ «Նազան» անունը մտահղացա երգից, ես երգում էի հայկական երգչախմբում, մենք ունենք «Նազան յար» երգը: Ինձ դուր էր գալիս այս բառակապակցությունը և որոշեցի փորձել, կարծես ամեն ինչ անմիջապես ընկավ իր տեղը, իդեալականի պես: Եվ այսպես ես պատրաստեցի երկրորդը, երրորդը, չորրորդը…»:

«Նազան» ձեռքի պայուսակները, որոնք գեղեցիկ փաթեթավորվում են դիզայների կողմից, ճանապարհորդում են աշխարհի շատ երկրներ:

«Երեք անգամ ես փոքր խմբաքանակներ առաքել եմ Շվեյցարիա, այնտեղ ապրում է մի աղջիկ՝ Լուսինեն: Նա այնտեղ հայկական ապրանքանիշերի խանութ ունի: Առաջին անգամ ես ինքս առաջարկեցի իրեն, ապա նա արդեն մի քանի անգամ է ինքն է պատվիրում: Հաճախ պատվիրում են Տալլինից, Լիտվայից… Ամենից հաճախ` իմ հաճախորդների 70%-ը հայեր են, կան նաև վրացիներ, դաղստանցիներ և այլ կովկասցիներ, վերջերս պատվիրել էր ռուս մի աղջիկ: Ես ուզում եմ իմ ապրանքանիշը հանրաճանաչելի դարձնել նաև ԱՄՆ-ում, վաճառել ամերիկահայերի շրջանում: Ուզում եմ հագուստի գիծ բաց թողնել: Կարծում եմ, որ եթե ես հավաքվեմ և ավելի մանրակրկիտ անեմ դա, ապա կստացվի: Դե իսկ հիմա ես փորձում եմ առաջարկել որոշ նորույթներ: Այսինքն՝ ես հիմա պայուսակների համար գոտիներ եմ պատրաստում, մի գոտի է հայտնվել, որը կապում են գոտկատեղին»:

Ամալյան տարակուսում է Ախալքալաքում մնալու իր ցանկության և Մոսկվայում ծնողների հետ ապրելու ընտանիքի ցանկության միջև: Նա գտնում է, որ գողտրիկ Ախալքալաքում ապրելով՝ կարող է իր ապրանքանիշն առաջ տանել և ճանաչելի դարձնել աշխարհի տարբեր երկրներում:

Նա պատրաստվում է իր հոբբիներից ևս մեկն ապագայում դարձնել եկամտաբեր զբաղմունք:

«Ես նաև լուսանկարչության սիրահար եմ: Տեսանկարահանման առաջին քայլերն արել եմ, քանի որ, ըստ իս, շատ լուսանկարիչներ կան: Ես չեմ ուզում դրանցից մեկը դառնալ, ուստի ինձ ավելի շատ գրավում է տեսանյութը, մանավանդ որ տեսանյութով կարելի է փոխանցել ոչ միայն ստատիկ կադր, այլ հույզեր, կյանք: Ես ուզում եմ գեղեցիկ տեսանյութեր ստեղծել», – ասում է նա:

Մելինե Տաշյան, «քայլում է» ժամանակի հետ (33 տարեկան)

Meline nyut

Ախալքալաքում կան երիտասարդներ, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքը հայրենիքից հեռու:

Մելինեն և նրա ամուսինը՝ Վազգենը, որոշեցին իրենց բիզնեսով զբաղվել այստեղ՝ Ախալքալաքում: Մելինեն ինտերիեր-դիզայներ է արդեն 11 տարի, նա զարդարում է միջոցառումների սրահները և ֆուրշետ սեղան ձևավորում: Ամուսինը նրան օգնում է ամեն հարցում:

«Ես դիզայնի գծով չեմ սովորել, չնայած շատերը կարծում են, որ ես սովորել եմ, բայց դա այդպես չէ: Ես մասնագիտությամբ հագուստի դիզայներ եմ: Երբ ես վերադարձա, չէի կարող զբաղվել իմ գործով, քանի որ դա այստեղ զարգացած չէ: Ինձ դուր էր գալիս ինչ-որ բան հորինել, և պատահաբար ես սկսեցի զբաղվել դրանով: Ինձ առաջարկեցին ինչ-որ մի առիթով պատրաստել ֆուրշետ հարսանիքի համար, և ես համաձայնեցի: Սկզբում շատ դժվար էր, քանի որ ես դրա համար ոչինչ չունեի: Կամաց-կամաց սկսեցի և խորացա: Մինչ օրս ես աշխատում եմ իմ վրա», – ասում է Մելինե Տաշչյանը:

Մելինեն կարծում է, որ եթե իր ընտանիքն իրեն չօգնի, նա չի կարողանա դա անել երեխաների և աշխատանքի հետ համատեղ, քանի որ դա պահանջում է շատ ժամանակ և նվիրում:

studya Meline

Կորոնավիրուսի համաճարակն ամուսնացած զույգին դրդեց գտնել ելք սահմանափակ իրավիճակից: Ավելի քան մեկ տարի հարսանիքներ չեն լինում, և այլ միջոցառումները նույնպես սակավ են: Ընտանիքի եկամուտները կտրուկ նվազել են: Թեև Մելինեն ու նրա ամուսինը չհանձնվեցին, նրանք սկսեցին նոր բիզնես: Նրանք բացել են ֆոտոստուդիա, կինը դիզայներական եղանակով ձևավորել է տաղավարները, իսկ ամուսինը լուսանկարում է: Սրանք առաջին քայլերն էին, բայց մասնագիտությունը յուրացնելով՝ Մելինեն և նրա ամուսինը զարգանում են այս ուղղությամբ: Չնայած նրանց բազմիցս հրավիրել են աշխատելու Ռուսաստանում, նրանք նախընտրում են մնալ հայրենիքում:

«Դա այն տարածքն է, երբ անընդհատ պիտի նորություններ մտցնես: Անընդհատ պիտի աշխատես ինքդ քեզ վրա: Մենք նոր տարվա ժամանակ բացեցինք ստուդիան և շատ հաճախորդներ ունեինք: Մենք չէինք սպասում, որ նման արդյունք կլինի: Մեկ օրում լուսանկարում ենք 7-8 հոգու», – ասում է նա:

Ակտիվ և նպատակասլաց մարդկանց համար սահմանափակումները հաճախ դառնում են նոր և հետաքրքիր ինչ-որ բան ստեղծելու պատրվակ: Իսկ Ախալքալաքում սահմանափակումները շատ-շատ են…

Նյութը պատրաստվել է «Վրաստանում ՄԱԿ-ի ասոցացիայի և Ամերիկայի Միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության «Հանդուրժողականություն, քաղաքացիական ինքնագիտակցություն և աջակցություն ինտեգրացիայի» (PITA) ծրագրի շրջանակներում: Հոդվածի բովանդակությունն ու դրանում արտահայտված մտքերը չեն արտահայտում Ամերիկայի միացյալ նահանգների Միջացգային զարգացման գործակալության և Վրաստանում ՄԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումը: