Ախալքալաքում շարունակվում է թափառող շներին բռնելու ու նրանց ապաստարան տեղափոխելու գործընթացը: Այս տարի ընդհանուր առմամբ ավելի քան 100 թափառող շներ տեղափոխվել են ապաստան, ոմանք պատվաստումից հետո վերադարձվել են:
Անցյալ շաբաթ Ախալքալաքում իրականացվեց հինգերորդ շրջապտույտը, բռնվեց 20 շուն: Հատուկ վանդակներով հագեցած հատուկ մեքենայով բռնված շներին տեղափոխում են Օզուրգեթիի ապաստարան, իսկ հիվանդ շներին՝ էֆթանազիայի ենթարկում: Ախալքալաքում, օգոստոս ամսից շարունակվում է թափառող շներին բռնելու գործընթացը:
Ըստ Ռամազ Գիորգաձեի, որը զբաղվում է շներին բռնելով, այս փուլում արդեն բռնել են ավելի քան 100 թափառող շուն, բայց գործընթացը շարունակվում է: Նրա խոսքով, պատվաստումներից հետո շներից մի քանիսն արդեն հետ են վերադարձվել:
«Այս անգամ մենք բռնեցինք 20 շուն, դեռ մնացել է ևս 2-3 շրջապտույտ», – ասում է նա:
Թափառող շներին բռնելու և ապաստարանում տեղակայելու տենդերը շահել է Օզուրգեթիի բնակիչ Լերի Չխարտիշվիլին: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 16 881 լարի:
Շներին պետք է բռնեն միջազգային ստանդարտներին համապատասխան և տեղափոխվեն հատուկ մեքենաներով: Անհրաժեշտության դեպքում լուրջ հիվանդ կենդանիներին կարող են էվթանազիայի (կենդանու ցավազուրկ սպանդ) ենթարկել և թաղել:
Բրատիսլավ Իգիթխանյան