Այսօր՝ ապրիլի 13-ին, Ախալքալաքում Զատիկի երկրորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության օրը: Արտակարգ դրության պայմաններում այս ավանդույթը նույնպես փոփոխությունների ենթարկվեց: Մարդիկ իրենց հարազատների գերեզմաններին երկար ժամանակով չէին գնացել, հիմնականում առանց ծաղիկների էին և շտապում էին, որպեսզի հանկարծ գերեզմանի մոտ շատ մարդիկ չկուտակվեն:
Իշխանությունները չէին արգելել մեռելոցին գերեզմանոց գնալ, բայց խստորեն նախազգուշացվել էին, որ ավելի քան 3 մարդ չի կարող հավաքվել մեկ գերեզմանի շուրջ:
Բազմաթիվ ոստիկանական մեքենաներ և հենց ոստիկաններն իրենց ներկայությամբ հասկացնում էին, որ խիստ նախազգուշացմանը չենթարկվելը կարող է հանգեցնել 3000 լարի տուգանքի՝ ավելի քան 3 հոգու մեկ վայրում հավաքի արգելքը խախտելու կամ արտակարգ դրության ռեժիմում հասարակական վայրերում հեռավորություն չպահպանելու համար: Հարկ է նշել, որ քաղաքում բազմաթիվ ոստիկաններ կային, բայց գյուղերում նրանց ամենուր չէիր նկատի: Քաղաքի գերեզմանատանը մեր ներկայության ժամանակ նկատեցինք 5-6 ոստիկանական մեքենա, իսկ ոստիկանները շրջում էին գերեզմանոցում:
Այսօր գերեզմանատան ճանապարհը նույնպես տարբերվում էր այն ճանապարհից, որը լինում է նման օրերին: Ըստ էության, այս օրը գերեզմանատան ճանապարհի երկայնքով տեղակայված են լինում առևտրասեղաններ` ծաղիկներով, մոմերով, խնկով… Այսօր այդ ամենը բացակայում էր: Ճիշտ է, որոշ մարդիկ ինչ-որ տեղից հայթայթել էին ծաղիկներ և բերել խոնարհելու իրենց հարազատների շիրմաքարերին, բայց հիմնականում մարդիկ գերեզման էին գնում միայն մոմերով:
Դատելով գերեզմանատան տարածքում մեքենաների կուտակումից, մարդիկ շատ էին, բայց գերկուտակում չէր նկատվում: Մարդիկ գնում էին իրենց հարազատների շիրիմներին, մոմեր վառում և համեմատաբար կարճ ժամանակ կանգնում շիրմաքարերի առջև, այնպես որ, եթե մյուս հարազատները գային մոմեր վառելու, բազմության կուտակում չլիներ:
Ճիշտ է, տեղ-տեղ հավաքվում էին 3 հոգուց ավելի, բայց անմիջապես երևում էր, թե ինչպես էին մարդիկ շտապում հեռանալ՝ նայելով իրենց շուրջը: