Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը: Վերջին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները կոչ է արել դադարեցնել բռնությունները և դատապարտել ռազմական սրումը, որը հանգեցրեց մեծ թվով զոհերի, այդ թվում խաղաղ բնակիչների շրջանում: Մենք մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին և բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել իրենց պարտավորությունները՝ միջազգային օրենքների, ներառյալ միջազգային մարդասիրական օրենքների համաձայն»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ վերջին մարտերի ավարտը միայն առաջին քայլն է դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորումը:
«Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս արագ համագործակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հետ` հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակական և կայուն քաղաքական լուծմանը` հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի ուժի չկիրառման կամ սպառնալիքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների մասին սկզբունքների վրա: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է լիովին ներգրավված լինել այդ ջանքերում:
Մեր դիվանագիտական ներգրավմանը զուգահեռ, Միացյալ Նահանգները տրամադրում է 5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և միջազգային կազմակերպության և հասարակական կազմակերպության այլ գործընկերների գործողություններին աջակցելու՝ վերջին մարտերից տուժած մարդկանց օգնելու համար: Այս ֆինանսավորումը 2019 ֆինանսական տարվանից ի վեր Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ ընդհանուր մարդասիրական օգնությունը հասցնում է ավելի քան $10 մլն-ի, որը ներառում է գրեթե 3,9 մլն ԱՄՆ դոլար COVID-19 համաճարակին արձագանքելու համար՝ օգնելով խոցելի ներգաղթյալներին, տեղահանվածներին և նրանց հյուրընկալող համայնքներին:
Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրված նոր օգնությունը կօժանդակի հակամարտությունների արդյունքում տուժած անձանց սնունդ, առողջապահական ծառայություններ, կացարան և շտապ այլ տիպի օգնություն տրամադրելու տեղական ջանքերին: ԱՄՆ կառավարության մարդասիրության հարցերով փորձագետները շարունակում են գնահատել այս ճգնաժամի հետևանքները: Մենք ընդունում ենք միջազգային համայնքում մեր առկա գործընկերների ներդրումը և կոչ ենք անում այլ կառավարություններին՝ միանալ այս ջանքերին նոր և աճող աջակցությամբ»,-ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ։