ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումն առաջնահերթություն է, այդպես արտացոլված է նաև Կառավարության ծրագրում:
«Վրաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է: 2019 թվականին 1 միլիոն 365 հազար ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան»,- ասել է Միրզոյանը:
Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ:
«2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է մտադրությունների հուշագիր քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Աշխատանքներ են տարվել, և այժմ այս համաձայնագրի վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ կա»,- ավելացրել է նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել, որ այսօր սպասում են Վրաստանի պատվիրակությանը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։ Երևանում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Փաշինյանը հույս է հայտնել, որ նիստի շրջանակում այս համաձայանագիրը կստորագրվի։