ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել է Վրաստան: Մայք Պոմպեոյին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը:
Այցի շրջանակներում վաղը ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում Մայք Պոմպեոն կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Նա հանդիպում կունենա նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ըստ Վրաստանի արտգործնախարարության, բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության խարտիայի առաջնահերթ ուղղությունները և պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև առևտրի և տնտեսության, ժողովրդավարության, ժողովուրդների միջև կապերի, կրթության և մշակութային կապերի ոլորտում երկու երկրների համագործակցության հետագա խորացման հեռանկարները: Կողմերը կքննարկեն նաև Վրաստանում և տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրը և տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման համար Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը:
Վրացական կողմը հերթական անգամ տեղեկատվություն կտրամադրի ԱՄՆ պետքարտուղարին՝ Վրաստանի բռնազավթված շրջաններում անվտանգության ու հումանիտար բարդ իրավիճակի վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում կլինի նաև երկու երկրների համագործակցությունը առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման և ժողովրդավարական զարգացման գործընթացում:
«ԱՄՆ պետքարտուղարի այցը Վրաստան ընդգծում է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կայունությունը և համագործակցությունը հզորացնելու երկրների պատրաստակամությունը՝ ընդհանուր արժեքների և տեսլականի հիման վրա գործընկերությունն առավել ամրապնդելու համար: Այցը վերահաստատելու է ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Վրաստանի հետագա ժողովրդավարական զարգացմանը և եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը», – ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Թուրքիայից Վրաստան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղարը վաղը կավարտի իր այցը Վրաստան և կմեկնի Իսրայել: