Վրաստանում կերկարացվի հանցագործությունների հետաքննման 25 տարանոց վաղեմության ժամկետը:
Վրաստանի խորհրդարանը արագացված ռեժիմով Քրեական օրենսգրքում կընդունի փոփոխություններ` հանցագործությունների հետաքննության ժամկետները երկարացնելու վերաբերյալ, որպեսզի հաջողվի ավարտին հասցնել երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի սպանության գործը: Այդ մասին «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Գամսախուրդիան կյանքից հեռացել է 1993 թվականի դեկտեմբերի 31-ին, չբացահայտված հանգամանքներում՝ Ձվելի Խիբուլա գյուղում (Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջան): Պաշտոնական վարկածին, որ նա մահացել է, առաջին նախագահի ընտանիքը չհավատաց: 2015 թվականին դատախազությունը հայտարարեց հետաքննության վերսկսումը` «Սպանություն» հոդվածով:
Գամսախուրդիայի որդիները՝ Կոնստանտինեն ու Ցոտնեն, արդեն մեկ շաբաթ է հացադուլ են կազմակերպել՝ Վրաստանի դատախազության շենքում: Բանն այն է, որ դեկտեմբերի 31-ին հանցագործության 25-ամյա վաղեմության ժամկետը սպառվում է, իսկ Վրաստանի առաջին նախագահի մահվան համար մեղադրյալ անձը դեռեւս չի բացահայտվել:
«Ինչպես հայտնի է հասարակությանը, դեկտեմբերի 31-ին լրանում է նախագահ Զվիադ Գամսախուրդիայի մահվան գործով վաղեմության ժամկետը: Մենք հաշվի կառնենք այս հարցի վերաբերյալ Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի պահանջները: Հետեւաբար, մենք որոշում ենք կայացրել եւ խորհրդարան ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է վաղեմության ժամկետի երկարացում», – ասել է Կոբախիձեն:
Ըստ նրա, օրինագիծը կընդունվի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ երեք ընթերցմամբ, արագացված ռեժիմով:
Գամսախուրդիայի երեխաների պահանջը հաշվի առնելու խնդրանքով խորհրդարանին դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Զվիադ Գամսախուրդիան Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվել էր 1991 թ. մայիսի 26-ին, իսկ 1992 թ. հունվարին պաշտոնազրկվել էր՝ «Թբիլիսյան պատերազմ» անունը ստացած քաղաքացիական դիմակայության արդյունքում: Թաքնվելով Արեւմտյան Վրաստանի բարձրալեռ գյուղերից մեկում, 1993 թ. դեկտեմբերի 31-ին Գամսախուրդիան մահացել էր անբացատրելի հանգամանքներում: Այդ ժամանակ կատարված հետաքննությունը առաջադրել էր ինքնասպանության վարկածը, սակայն Գամսախուրդիայի բարեկամներն ու կողմնակիցները չհավատացին այս վարկածին:
1994 թ. փետրվարին՝ ընտանիքի խնդրանքով, Ջիխաշքարի գյուղում հուղարկավորված Գամսախուրդիայի մարմինը տեղափոխվեց Գրոզնի եւ հուղարկավորվեց քաղաքի գլխավոր հրապարակի մոտ: Այնուհետեւ, Չեչնիայում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո, գերեզմանը կորցվեց եւ հայտնաբերվեց միայն 2007 թվականին: Վրաստանի առաջին նախագահի մնացորդների դատաբժշկական փորձաքննությունն անցկացվեց Դոնի Ռոստով քաղաքում:
2007 թ. մարտ ամսին, Գամսախուրդիայի մնացորդները դուրս բերեցին Չեչնիայից եւ հանդիսավոր կերպով վերահուղարկավորեցին Վրաստանում՝ Մթածմինդայի տարածքում գտնվող Թբիլիսիի գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում: