Ախալքալաքի ՇԸՀ֊ի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը մեղադրվում է «Արդար ընտրություններ» (ISFED) կազմակերպության դիտորդի վրա ճնշում գործադրելու մեջ, Ախալքալաքի Շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահը կտրականապես հերքում է այս մեղադրանքները:
Նոյեմբերի 14-ի երեկոյան, «Արդար ընտրություններ» կազմակերպության (ISFED) գործադիր տնօրենը իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որում նա մեղադրում է Ախալքալաքի Շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահին, որ վերջինս զանգահարել է կազմակերպության դիտորդին և ասել, որ եթե ինքը անելու բան չունի, թող գնա Ղարաբաղ կռվելու:
«Ախալքալաքի ՇԸՀ֊ի նախագահը լրիվությամբ ոչ ադեկվատ Է և ամոթանքի է արժանի: Դատավարությունից հետո նա զանգահարել է «Արդար ընտրությունների» դիտորդին, նախատել նրան, ասել, որ եթե ինքը մնացել է անգործ, գրելու փոխարեն (խմբ. բողոքը), ինչու չես գնում Ղարաբաղ կռվելու: Այս անձնավորության ոչ պատշաճ պահվածքը նորություն չէ, և մենք մեկ անգամ չէ, որ լսել ենք սա, բայց չնայած դրան, նա շարունակում է աշխատել շրջանային հանձնաժողովում: Այս անգամ նա, կարծում եմ, անցել է բոլոր սահմանները: Նա ճնշում է գործադրում դիտորդի վրա և դրդում անօրինական գործողությունների: Հետաքրքիր է, թե որ չափանիշների և էթիկական նորմերի մեջ է մտնում այս պահվածքը: Քանի որ այդպիսի մարդիկ ընտրություններ են անցկացնում, այդ իսկ պատճառով էլ այսչափ շատ խնդիրներ ու հարցեր կան », – իր գրառման մեջ ասել է Էլենե Նիժարաձեն:
Այս գրառմամբ կիսվել է նաև ISFED կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Նինո Բիբիլեիշվիլին: Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ Ախալքալաքի ՇԸՀ-ն քննարկել էր «Արդար ընտրություններ» կազմակերպության կողմից գրված բողոքները, և չէր բավարարել դրանք, ՇԸՀ֊ի մեկ որոշում կազմակերպությունը բողոքարկել էր դատարանում:
«Դատարանը նույնպես չբավարարեց բողոքը, դատավարությունից հետո նա զանգահարել էր մեր ներկայացուցչին, ինքը չի ուզում, որ մենք իր ազգանունը տանք, քանի որ Դուք գիտեք, թե ինչ վիճակ է Ձեզ մոտ, ինչ վիճակում են այն մարդիկ, ովքեր ճշմարտությունն են ասում Ջավախքում: Դուք գիտեք թե նա ինչպես գիտի խոսել», – ասում է Նինո Բիբիլեիշվիլին:
«Արդար ընտրություններ» կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչը դեռ չգիտի, թե ինչ կձեռնարկի իրենց ղեկավարությունը: «Ես չգիտեմ, թե մեր ղեկավարությունն ինչ կորոշի: Կարծում եմ, ԿԸՀ-ի համար դա նշանակություն չունի »:
Հասմիկ Մարանգոզյանը Jnews- ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը չի զանգահարել ISFED֊ի դիտորդին:
«Թող կազմակերպությունը չկապի Վրաստանի ընտրությունները Ղարաբաղի հետ: Նախ, ոչ մի տեղ ընտրություններն այնքան հանգիստ չեն անցել, որքան մեր մոտ: Թող չխառնեն ազգայինը քաղաքականության հետ: Ինչ կապ ունի Ղարաբաղը սրա հետ: Ես հո երեխա չեմ: Առաջինը, ես Արցախ եմ ասում, ոչ թե Ղարաբաղ: Իմ ինչ գործն է, որ ես նման բան ասեմ այդ 20-տարեկան տղային: Ես կարող եմ դատական հայց ներկայացնել և ապացույցներ պահանջել: Չէ որ զանգերը գրանցվում են », – ասաց Հասմիկ Մառանգոզյանը: