Ախալքալաքում անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական հանդիպմանը, Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Իրակլի Կարսելաձեն ասաց, որ նա նվերով է եկել եւ հայտարարեց 2019 թվականին կայանալիք ենթակառուցվածքային նախագծերի մասին:

Նա նշեց, որ կառավարությունը մեծ ուշադրությամբ է մոտենում է իր տարածաշրջաններին, եւ հատկապես՝ Սամցխե-Ջավախեթիին:

«Ներկայումս մենք ունենք 7 նախագիծ, ընդհանուր առմամբ` 37 000 000 լարի, որոնցից երկուսը՝ Ախալցիխե-Նինոծմինդա եւ Ծալկա-Նինոծմինդա հատվածներն են: Տեսնում եք, թե ինչպես են առաջ շարժվում այդ աշխատանքները, 5 կմ հատվածն արդեն ասֆալտապատված է մեկ նախագծի շրջանակներում եւ ավելի քան 2 կմ՝ մեկ այլ հատվածում: Այս նախագծերը կավարտվեն 2019 թվականին: Մի ամբողջ տարի է առջևում, բայց աշխատանքների ավելի քան 30 տոկոսն արդեն կատարված է: Եթե եղանակը թույլ տա, մենք չենք դադարեցնի աշխատանքները եւ կշարունակենք: Միայն այս երկու տարածքների համար ծախսվում է 28 միլիոն լարի», – ասաց նա:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս ժամանակահատվածում 10 նախագիծ է հասունանում մունիցիպալ զարգացման շրջանակներում, նույնը ջրամատակարարման համար:

Սակայն, ըստ Իրակլի Կարսելաձեի, 2019 թվականը տարածաշրջանի ենթակառուցվածքային զարգացման համար բեկումնային է լինելու: Ավելի քան 110 մլն լարի կծախսվի միայն Սամցխե-Ջավախքում: Այդ նախագծերը կներառեն Ախալքալաքը շրջանցող ճանապարհի վերականգնումը, Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 16 կմ հատվածի վերականգնումը, Խանդոյի ճանապարհը:

«Բացի այդ, 120 միլիոն լարի է հատկացված դպրոցների եւ մանկապարտեզների վերակառուցման եւ կառուցման համար: Բացի սրանից, կան նաեւ առանձին նախագծեր: Ջրամատակարարման եւ կոյուղային համակարգերում խնդիրներ կան, այս ուղղությամբ Ձեր տարածաշրջանում ծախսվելու է 36 միլիոն լարի», – ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ հայ եւ վրացական ավանդույթների համաձայն, երբ նրանք հյուր են գնում, նրանք անպայման ինչ-որ նվեր են տանում: Եվ այս նախագծերը նվերն են տարածաշրջանին, նա նաեւ նշեց, որ այդ նվերների մեջ մեծ է պատգամավոր Հենզել Մկոյանի մասնակցությունը:

Իր ելույթի վերջում Կարսելաձեն կոչ արեց քվեարկել Սալոմե Զուրաբիշվիլու օգտին, ասելով.

«Եկեք ճիշտ ընտրություն կատարենք, որպեսզի այս ամենն իրականանա»: