Այսօր Ախալցիխեում տեղի ունեցավ «Վրացական երազանք» կուսակցության Սամցխե-Ջավախքի թվով վեց թեկնածուների պաշտոնական ներկայացման արարողությունը։ Ախալքալաքից Ախալցիխե ներկայացմանը մասնակցելու մեկնեցին ավելի քան 100 մեքենա:

Ժամը 16:00-ից Ախալքալաքի կենտրոնական հրապարակում առաջացած խցանման պատճառը մեքենաներն էին, որոնք կայանել էին Մշակույթի տան և դրա հարակից տարածքներում։

ocneban

Ախալքալաքից և շրջանի գյուղերից ժամանած բնակիչները մեր այն հարցին, թե՝ ու՞ր եք գնում և ինչի՞ համար, պատասխանում էին՝ «Գնում ենք Ախալցիխե, մեր թեկնածուին՝ Յուրիկ Ունանյանին ներկայացնելու», իսկ ոմանք էլ ասում էին, որ գնում են ծափահարելու։

«Ախալցիխե քաղաքապետի թեկնածուին ներկայացնելու ենք գնում, մեզ հետ ունենք վերնաշապիկներ և դրոշակներ «Վրացական Երազանք» կուսակցության և Եվրամիության լոգոներով։ Ժամը 17:00-ին Ախալքալաքից կշարժվենք, Ախալցիխեում ժամը 19:00-ին կմասնակցենք համերգին, որից հետո արդեն 20։00-ին կկայանա պաշտոնական ներկայացման արարողությունը», – ասաց «Վրացական երազանքի» կուսակցության Ախալքալաքի նախագահ Նաիրի Իրիցյանը:։

Հավաքվածների մեջ ներկա էին հիմնականում տարբեր պետական կառույցների աշխատակիցներ. տեղական իշխանության տարբեր մարմինների աշխատակիցներ, դպրոցների ուսուցիչներ և տնօրեններ, մանկապարտեզների աշխատակիցներ և այլք:

Ալաստանի մանկավարժական կոլեկտիվի հետ զրույցի ընթացքում մեզ տեղեկացրեցին, որ իրենց ամբողջ գյուղի բնակիչներն են ներկա, և, որ բոլորը եկել են իրենց իսկ մեքենաներով։

ocneba1