Բաքուն համաձայնել է Երևանին մինչև նոյեմբերի 25-ը ժամանակ տալ Արցախի Քարվաճառի շրջանից զորքերի դուրսբերման համար: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
«Հայկական իշխանություններն այդ խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով։ Հետաձգելու խնդրանքը կապված է Քելբաջարի շրջանից դեպի Հայաստան տանող միակ ճանապարհի անբավարար թողունակության հետ», – նշել է նա։
Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը՝ մարդասիրական նկատառումներից ելնելով։
Ադրբեջանին Քարվաճառի շրջանի փոխանցումը 2020 թ.-ի նոյեմբերի 15-ին նախատեսված է եռակողմ համաձայնագրով, որը Հայաստանն, Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են նոյեմբերի 10-ին։
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի և Ադրբեջանի վերահսկողությանը հանձնի Արցախի հարակից ևս երկու շրջան հետևյալ ժամանակացույցով․ մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Հակամարտության գոտու մնացած հատված ռուս խաղաղապահներ են մտցվել։
Դեռ երեկ Քարվաճառում խցանման մեջ մնացած բնակիչների համար անորոշ էր, թե փաստաթղթով սահմանված ժամկետը՝ նոյեմբերի 15-ը ուժի մեջ է, թե ոչ, և շատերը ստիպված լքում էին տարածքն առանց իրերն ամբողջությամբ դուրս բերելու։ Քարվաճառի բնակիչներն այրում էին իրենց տները: