Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ հակառակորդը ողջ օրվա ընթացքում հատուկ նշանակության ջոկատների ներգրավմամբ փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Սոթքի եւ Արտանիշի ուղղությամբ:

«Հայաստանի հանրապետության զինված ուժերը շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները»,- ասել է Արամ Թորոսյանը՝ նշելով, որ ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

«Հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է, սակայն կայունացման մասին վաղ է խոսել», – ասել է ՊՆ խոսնակը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։