Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը՝ լրացավ անկախության հռչակման 31-ամյակը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:
Քվեաթերթիկում մեկ հարց կար՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական հանրապետություն, դուրս գա Խորհրդային միության կազմից»: Եվ քվեարկությանը մասնակցածների շուրջ 99 տոկոսը «այո» ասացին:
Քվեարկությանը մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 163 հազար 967 քաղաքացիների 95,5 տոկոսը, որոնցից միայն 0,46 տոկոսն էր «ոչ» ասել անկախությանը: Հայաստանն անկախ հռչակվեց Գերագույն խորհրդում հանրաքվեից երկու օր անց: 1995 թ. հուլիսի 5-ին` կրկին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվել է նորանկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր եւ այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից»:
Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով ուղերձում, նա, մասնավորապես, ասել է․
«Այսօր էլ սեպտեմբերի 21 է եւ այսօր էլ Անկախության հանրաքվե է: 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել եւ Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր:
Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն Այո են ասել Անկախությանը եւ շատ կարեւոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Սահմանին աներեր կանգնած զինվորը Այո է ասում Անկախությանը եւ չափազանց կարեւոր է, որ նրա Այոն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլեւ մեր գործերում:
Ամեն օր, ամեն Աստծո օր պաշտոնյա թե գյուղացի, զինծառայող թե գործարար, ուսուցիչ թե բանվոր՝ ուզենք թե չուզենք, գիտակցենք թե չգիտակցենք, հանրաքվեի մասնակից ենք, Անկախության հանրաքվեի:
Եվ կարեւոր է, որ Անկախությանը ասենք Այո, Ինքնիշխանությանը ասենք Այո, ժողովրդավարությանն ասենք Այո եւ այդ Այոն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի:
Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետեւ ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր եւ այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից»:
Կառավարությունը Ադրբեջանի ներխուժման հետևանքով սահմանին տեղի ունեցած վերջին բախումներից հետո չեղարկել է տոնական միջոցառումները:
Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական – քաղաքական գործիչներ: