Գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման եւ կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք եւ մարդկային ուժ:
Պաշտպանական բանակից հայտնում են, որ կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արեւելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից:
Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ եւս հակառակորդը կրել է լուրջ կորուստներ:
Թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ սատար կանգնելով Ադրբեջանի կողմից մղվող պատերազմին, Թուրքիան փորձում է կյանքի կոչել տարածաշրջանը ահաբեկչական կենտրոնի վերածելու իր աղետալի ձգտումները:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Մնացականյանն այդ մասին ասել է Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի հետ հեռախոսազրույցում:
Նախարարը շեշտել է, որ Թուրքիան այսօր անմիջական սպառնալիք է հանդիսանում Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը: