Ախալքալաքի ծայրամասում գտնվող ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որը միանում է Հայաստան և Թուրքիա տանող մայրուղիներին, վերջնական փուլում է: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվելու է ճանապարհի 2,5 կմ հատվածը:

Ախալքալաքի ծայրամասում գտնվող դաշնային մայրուղու հատվածի վերականգնումը, որը ճանապարհը կապում է դեպի Թուրքիա տանող մայրուղու հետ, սկսվել էր սեպտեմբերի վերջին: Ըստ «Ջավախ Ավտո Գզա» ընկերության աշխատակիցների, ասֆալտի առաջին շերտը արդեն փռվել է, մնում է վերին շերտն ասֆալտապատել:

«Այս պահին առաջին շերտի ասֆալտապատումն ավարտված է, իսկ վերին շերտն արդեն կիսով չափ փռվել է», – ասում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերության աշխատակիցներից մեկը:

Ըստ ընկերության աշխատակիցների, աշխատանքները վերջնականապես կավարտվեն մինչև այս ամսվա վերջ:

1

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հունիսի 23-ին տենդեր էր հայտարարել վերոնշյալ ճանապարհահատվածի վերականգնման համար: Աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 2 686 610 լարի: Տենդերը շահել է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը:

Հավելենք, որ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային վարչությունն իրականացնում է երկու ենթակառուցվածքային նախագիծ: Առաջին նախագիծը Կորխի կամրջից դեպի Ախալքալաք տանող ճանապարհի 6-7 կիլոմետրանոց հատվածի վերականգնումն է, իսկ երկրորդը` Հայաստան և Թուրքիա տանող մայրուղիներն իրար կապող 2,5 կմ ճանապարհահատվածի վերականգնումը:

Բրատիսլավ Իգիթխանյան