Ախալքալաքի մունիցիպալիտետում «Սոցիալապես անապահով քաղաքացիների զբաղվածության լայնածավալ ծրագրի» շրջանակներում, Վրաստանի սոցիալական ծառայության գործակալության տվյալներով, աշխատանքի է տեղավորվել 549 մարդ։ Ծրագիրը նախատեսում է, հասարակական աշխատանքներում, սոցիալական նպաստների պահպանմամբ, սոցիալապես անապահով անձանց աշխատանքի տեղավորում։
Այս ծրագրով սոցիալապես անապահով մարդիկ աշխատանքի են ընդունվել Ախալքալաքի սպասարկման կենտրոնում, հասարակական աշխատանքների գյուղերում, Վրաստանի մելիորացիայի Սամցխե-Ջավախքի սպասարկման կենտրոնում, Ջավախեթի ազգային պարկում:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի տվյալների, 2022 թվականին այս ծրագրով հասարակական աշխատանքներում աշխատանքի է տեղավորվել 66, իսկ 2023 թվականին (փետրվարի 13-ի դրությամբ)՝ 62 մարդ։ Հիմնականում հետևյալ աշխատանքներում, ինչպիսիք են գերեզմանատան պահակ, մանկապարտեզում տեխնիկական աշխատող, գյուղերի բուժկետերում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 53 գյուղերից 64-ի գերեզմանոցներում պահակ կա նշանակված, որոնք աշխատանքի են ընդունվել այս ծրագրով։ Այս ծրագրով աշխատողներ կան քաղաքապետարանի 9 մանկապարտեզներում, նրանք աշխատում են որպես խոհարարի օգնական, դաստիարակի օգնական։ Քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի ղեկավար Անաիդա Իորդանյանի խոսքով, մանկապարտեզների տնօրեններն իրենք են որոշում, թե ինչ աշխատանքների ընդունեն։
Տարբեր կազմակերպություններում հավաքարար է ընդունվել 3 հոգի։
Քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի ղեկավար Անաիդա Իորդանյանի խոսքով, դեռ թափուր աշխատատեղեր կան, ուղղակի, սոցիալապես անապահովների մեջ աշխատելու ցանկություն ունեցողներ չկան։ 11 գյուղերի գերեզմանատներում պահակի թափուր աշխատատեղեր կան։
«Թափուր աշխատատեղեր կան, դեռ հայտարարված են, տեղերը շատ են, աշխատող չկա։ Ցանկացողները դիմում են Սոցիալական ծառայությունների գործակալության Ախալքալաքի սպասարկման կենտրոն, գալիս են մեզ մոտ, աշխատանքի ենք ընդունում։ Պարբերաբար թափուր աշխատատեղեր ենք հայտարարում»,- ասում է Անաիդա Իորդանյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի «Սոցիալապես անապահով քաղաքացիների զբաղվածության լայնածավալ ծրագրով» Ախալքալաքի սպասարկման կենտրոնում աշխատում է 47 մարդ, նրանք աշխատում են և՛ քաղաքում, և՛ գյուղերում, մաքրում են աղբամանների մոտ գտնվող աղբը և այլ տարբեր աշխատանքներ կատարում:
Վրաստանի սոցիալական ծառայության գործակալության ընդհանուր վիճակագրության համաձայն, Ախալքալաքի քաղաքապետարանում 2023 թվականի հունվարի դրությամբ սոցիալապես անապահով քաղաքացիների զբաղվածության ծրագրով աշխատանքի է տեղավորվել 549 մարդ՝ 121 ընտանիքից։ Այս ծրագրով աշխատողները լրիվ դրույքի դեպքում ստանում են ամսական 300 լարի։
Վրաստանում սոցիալապես անապահովների զբաղվածության ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի մարտի 1-ից։ Չորս տարի ծրագրի մասնակցի ընտանիքը կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։
Այս ծրագիրը հասանելի է 18 տարեկանից մինչև կենսաթոշակային տարիքի աշխատունակ մարդկանց, ովքեր, սոցիալական ապահովության նպաստ են ստանում, և չունեն հաշմանդամության կարգավիճակ կամ լուրջ առողջական խնդիրներ:
Այս ծրագրի շրջանակներում սոցիալական միավորներ ունեցող ընտանիքները կարող են աշխատանք գտնել։ Նրանք պետք է գրավոր դիմեն Սոցիալական ծառայության գործակալության Ախալքալաքի կենտրոն։