Դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Ախալքալաքի շրջանային դատարանը անմեղ է ճանաչել 50-ամյա տղամարդուն, որը մեղադրվում է տասը տարեկան երեխայի նկատմամբ բազմակի անգամ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ Անչափահասի մայրը համաձայն չէ դատավորի որոշման հետ՝ դատարանին ու փաստաբանին մեղադրելով կողմնակալության մեջ։ Նա կարծում է, որ անպատժելիության պատճառով նման հանցագործությունները կարող են կրկնվել։
Գործը քննվել է Վրաստանի ՔՕ 138. 4-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել 14 տարին չլրացած անձի նկատմամբ։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով։ Նախկին ամբաստանյալը՝ 50-ամյա տղամարդը, նախկինում դատվածություն է ունեցել գողության համար։
Փոքրիկ տղայի մորը հանդիպեցինք իրենց տանը։ Նա պատրաստվում էր հաջորդ առավոտյան մեկնել Թբիլիսի։ Մոր խոսքով՝ որդու մոտ սթրեսի պատճառով, ինչը կապված է մեկ տարի առաջ կատարվածի հետ, առողջական խնդիրներ են առաջացել և ինքը տղային տանում էր պլանային վիրահատության։
«Նա (խմբ.՝ նախկին մեղադրյալը) պետք է պատասխան տա ամեն ինչի համար։ Ես պետք է հոգ տանեմ որդուս համար, վիրահատությունից հետո կբողոքարկեմ դատավճիռը, ինձ հետ կապվել են Ախալցիխեից փաստաբաններն ու ասել, որ քանի որ մեր ընտանիքը սոցիալապես անպաշտպան է, նրանք անվճար կներկայացնեն մեր շահերը դատարանում»։
Ինչպես պատմեց նա, ամեն ինչ սկսվել է մեկ տարի առաջ:
«Անցած տարի նա ապրում էր մեր շենքում, մեր ներքևի՝ երրորդ հարկում։ Ես գոռոցի ձայն լսեցի: Ես իջա աստիճաններով՝ չիմանալով, որ դա իմ տղան է։ Երբ իջա, լսեցի տղայիս ձայնը: Ես շփոթմունքի մեջ էի, ի՞նչ է անում իմ երեխան այս բնակարանում: Դուռը փակ էր, թակեցի դուռը, նա չէր բացում, գոռացի՝ Ն., բացի՛ր դուռը, թե չէ կջարդեմ այն։ Դուռը բացվեց, ես ներս մտա, նա շալվարը վեր էր քաշում, իսկ երեխաս շալվարը ցած դուրս եկավ լոգարանից։ Երեխային հարցրի, թե ինչ է անում, նա վախեցած էր, ասաց, որ նա հարվածել է իր հետույքին։ Ես հետո իմացա, որ նա ստիպել է երեխային դիպչել իր սեռական օրգաններին»,- պատմում է նա։
Հարցին, թե ինչու այդ ժամանակ նա չի դիմել ոստիկանություն, պատասխանեց, որ իր սխալն է, որ այդ ժամանակ մտածել է՝ ամոթ կլինի բոլորին ասել կատարվածի մասին. «Չէ՞ որ ես տղա ունեմ»։
Երեխայի մոր խոսքով՝ երկրորդ դեպքը տեղի է ունեցել ավելի ուշ՝ ընթացիկ տարվա գարնանը։
«Նա տեղափոխվել է այլ տուն։ Պարզվում է՝ նա երեխային կանչել է, այնտեղ տեսախցիկ է եղել, որը ֆիքսել է: Երեխային նա կապել է իր բնակարանում, իջեցրել տաբատը և փոքրիկիս հրամայել դիպչել իր սեռական օրգաններին։ Որդիս վախեցել է, փախել, նրան այնտեղ տեսել է հարևանս և հարցրել՝ թե ի՞նչ է անում այդտեղ։ Նա վերջինիս ասել է, որ հարևանս ինձ չպատմի, ու պատմել է նրան, թե ինչ է տեղի ունեցել իր հետ։ Որդիս տուն էր եկել վախեցած, նյարդային վիճակում: Նա ասաց, որ պետք է ինձ մի բան ասի, բայց որ ես չծեծեմ նրան։ Ն.-ն վախեցրել էր, ասելով՝ եթե պատմես մորդ՝ ես քեզ կսպանեմ: Ես ուզում էի սպանել նրան, հետո ուշքի եկա և որոշեցի դիմել ոստիկանություն»,- ասում է նա։
Կնոջ հայտարարությունից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել 50-ամյա տղամարդուն։
Հարցին, թե նախկին ամբաստանյալի հետ կապ կամ որևէ առնչություն ունեցե՞լ է, երեխայի մայրը բացասական պատասխան է տվեց:
«Ես շատ եմ վախենում։ Երեխան ասում է՝ մամ, նա նորից նույնկերպ կվարվի ինձ հետ: Գիշերն արդեն չեմ քնում։ Հանցագործին բաց են թողել, այսօր նա սեռական ոտնձգություն է կատարել իմ որդու նկատմամբ, վաղը մեկ այլ երեխայի նկատմամբ կանի: Չեմ ներելու,իմ երեխան չպետք է վախենա: Վախից տնից դուրս չի գալիս: Ես առաջ վախ չունեի: Հիմա դուռը փակում եմ, որ հանկարծ չգա և էլի ինչ-որ բան չանի։ Իմ գլխում միայն երեխաս է: Ո՞վ է վճարելու նրա բուժման ծախսերը: Ինչպե՞ս եմ ես վճարելու այս ամենը: Այս անմարդկայինի պատճառով մենք պարտքերի մեջ ընկանք»,- ասում է նա:
Նախկին ամբաստանյալի փաստաբանը զրպարտություն է համարում ոտնձգության մեղադրանքը և նշում, որ դատարանը երկու դրվագով կայացրել է արդարացման դատավճիռ, քանի որ նրանք ունեցել են անմեղության վերաբերյալ ապացույցներ։
Տասնամյա տղայի մայրը պատրաստվում է բողոքարկել Ախալքալաքի շրջանային դատարանի կայացրած դատավճիռը։