«Քաղաքացիական շարժում – Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունն այսօր՝ ապրիլի 16-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում ներկայացրեց Սամցխե Ջավախքի բնակչության ազգային փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական իրավունքներին աջակցելու նոր նախագիծ:
Նախագիծը «Բազմազգ Վրաստանն» իրականացնում է Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ: Շնորհանդեսին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետեր Շալվա Բալախաձեն և Արմեն Մառանգոզյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, պատգամավորներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Քաղաքացիական շարժում – Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը ներկաներին ներկայացրեց նախագիծը: Նախագիծը եռամյա է և իրականացվում է Ախալքալաքում և Նինոծմինդայում, որտեղ արդեն բացվել են կենտրոններ: Կենտրոնը ձեռներեցներին ծառայություններ կտրամադրի սոցիալական և տնտեսական հարցերի վերաբերյալ:
Նախագծի համաձայն, տեղեկատվական աջակցություն կտրամադրվի այն ձեռնարկություններին, որոնք կցանկանան օգնություն ստանալ տարածաշրջանում իրականացվող պետական, ոչ պետական, միջազգային ծրագրերից:
«Նախագիծը բնակչության սոցիալական իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ է: Աշխարհում առկա բոլոր տեղեկությունները մրցույթների, դրամաշնորհների մասին, որոնք ֆինանսավորում են փոքր բիզնեսը, հնարավորություն են տալիս զարգացնել սեփական ձեռնարկությունները: Այս ամբողջ տեղեկատվությունը կենտրոնացած կլինի մեզ մոտ: Մենք այս տեղեկատվությունը կթարգմանենք հայերեն և կտարածենք։ Կօգնենք նաև լրացնել, և կհետևենք, թե ինչպես են դոնորները քննարկում, որպեսզի լոբբինգ իրականացնենք », – ասաց Առնոլդ Ստեփանյանը:
Բացի այդ, գրասենյակը կունենա իրավաբան, որը կպաշտպանի բնակչության տնտեսական իրավունքները:
Ըստ «Քաղաքացիական շարժում – Բազմազգ Վրաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդրա Կալատոզիշվիլիի, իրենք բնակչությանը տեղեկատվությունը կտրամադրեն հայերենով:
«Ես ուզում եմ, որ սա ընկալվի ոչ միայն որպես նախագիծ, որը մենք ուզում ենք իրականացնել, այլ որպես սոցիալ-տնտեսական ոլորտ, որը շատ դժվար է միայնակ այն բարձրացնել, այդ իսկ պատճառով էլ մենք եկել ենք հենց Ձեզ մոտ, որպեսզի սա ընկալվի որպես կառուցողական համագործակցություն: Մենք իսկապես ցանկանում ենք շրջանին օգնել այն հարցում, ինչն իրոք արդիական է, ինչի կարիքը բնակչությունն ունի: Մենք նույնպես ակնկալում ենք արձագանքի ձեր կողմից », – ասաց Ալեքսանդարա Կալատոզիշվիլին:
Նա նաև նշեց, որ իրենք իրենց ծրագրեր ունեն նաև աջակցելու փոքր նախաձեռնություններին, կան ոչ մեծ չափով միջոցներ, որոնք նրանք պատրաստ են տրամադրել ձեռնարկատերերին՝ փորձնական, նորարարական նախագծերի իրականացման համար:
Նախագծի ներկայացումից հետո տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները նշեցին մունիցիպալիտետի որոշ խնդիրների մասին, որոնք հնարավոր է լուծվեն տվյալ նախագծի շրջանակներում: Սա հատուկ տեխնիկայի ձեռբերման, հիվանդների համար դիալիզի կենտրոնի, Աբլարի գլխավոր ջրավազանի վերականգնողական և տեխնիկապես նորացման խնդրի մասին, որտեղից քաղաքը և որոշ գյուղեր խմելու ջուր են ստանում։ Վերը նշվածից բացի խոսվեց նաև այլ խնդիրների մասին: