Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը համաձայնել է ժամ առաջ դադարեցնել պատերազմը՝ հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց։
Նոյեմբերի լույս 10-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու հայտարարություն է ստորագրել։ Նա նշել էր, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Ըստ նրա՝ դա ցավոտ, բայց «ստեղծված իրավիճակումհնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»:
Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ամբողջ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված անելիքները, ինքը ստացել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը։
«Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ», – գրել է նա։