Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Այս մասին հաղորդում է ԱՀ ՊԲ-ը:
Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն:
Նշենք, որ հոկտեմբերի 30-ի նախօրեին ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը պայմանավորվել էին ձեռնարկել մի շարք հրատապ քայլեր, այդ թվում՝ դիտավորյալ քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական թիրախավորում չիրականացնել, և մասնակցել ռազմի դաշտում մնացած զոհվածների մարմինների դուրսբերման և փոխանակման գործընթացին: Այս մասին հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո: Դրանից քիչ անց Ժնևում համաձայնություն էր ձեռք բերվել դադարեցնել հարվածել քաղաքացիական և ոչ ռազմական թիրախների ուղղությամբ:
Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Վերջինս նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:
«Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը:
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: