Հասարակություն 26 Դեկտեմբերի, 2020 • Վրաստանում միայն օպերատիվ տեղեկատվության հիման վրա խուզարկությունները կարգելվեն

Վրաստանում ոստիկանության աշխատակիցներն այլևս չեն կարողանա խուզարկություններ իրականացնել բացառապես օպերատիվ տեղեկատվության հիման վրա, իսկ դատարանները այլևս չեն կարողանա մեղադրական դատավճիռներ կայացնել բացառապես հետախույզների կողմից ձեռք բերված ապացույցների հիման վրա: Վրաստանի Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները Սահմանադրական դատարանի (ՍԴ) կողմից ճանաչվել են հակասահմանադրական:

Այսօր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Գիորգի Քեբուրիան ընդդեմ Վրաստանի խորհրդարանի» գործով: Հայցը կազմվել է «Մարդու իրավունքների ուսուցման և մոնիտորինգի կենտրոն» (EMC) հասարակական կազմակերպության կողմից: Այն վերաբերում էր 2017-ի գարնանը թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով «Birja Mafia» հիփ-հոփ խմբի երկու անդամների ձերբակալությանը: Երիտասարդներին սպառնում էր երկարատև նույնիսկ ցմահ ազատազրկում:

Ռեփերների ձերբակալությանը, որոնք պնդում էին, որ թմրանյութերն իրենց մոտ գաղտնաբար էին գցել, հաջորդեցին լայնածավալ բողոքի ցույցերը: Ավելի ուշ, ապացույցների անբավարար լինելու պատճառով, դատախազությունը կարճեց գործը:

«EMC»-ից նշում են, որ Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 25-ի որոշումը կարևոր է` հետագայում ոստիկանական կամայականությունների և թմրանյութեր գցելու դեպքերից խուսափելու համար:

«Վերոհիշյալ գործը հստակ ցույց տվեց, թե որքան սուր է կանգնած թմրաքաղաքականության խնդիրը, ինչպես նաև հետախուզական գործողությունների շրջանակներում ոստիկանների կամայականությունների սպառնալիքը և նրանց կողմից թմրանյութերը գաղտնաբար գցելու հավանականությունը», — ասվում է «EMC»-ի հայտարարության մեջ:

Ինչպես նշում է ՀԿ-ն, գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը սիստեմատիկորեն գնահատում էր անձնային կյանքի վերաբերյալ սահմանադրական դրույթների և անձին քրեական պատասխանատվության ենթարկելու չափանիշների համապատասխանությունը քրեադատավարական օրենսդրությանը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող կանոնակարգերին:

Դատարանը «մեծապես հաշվի է առել հայցվորի դիրքորոշումը»՝ վճռելով.

Անհրաժեշտ է խուզարկության գործընթացին և ձեռք բերված ապացույցներին կցվեն այլ չեզոք ապացույցներ` լինի դա խուզարկության տեսագրում, հետաքննության ընթացքում չեզոք անձի ցուցմունքը, թե այլ օբյեկտիվ ապացույցներ: Այլ դեպքերում օպերատիվ տեղեկատվության հիման վրա ձեռք բերված ապացույցները չեն ընդունվի քրեական գործի վարույթի մեջ:

Դատարանը նաև նշել է, որ ոստիկանների ցուցմունքները, որոնք մեծապես հիմնված են և կրկնում են տեղեկատուի կամ վստահված անձի կողմից տրամադրված օպերատիվ/գաղտնի տեղեկատվությունը, չեն կարող հիմք հանդիսանալ մեղադրական դատավճռի համար:

Սահմանադրական դատարանն առանձին քննարկել է անհետաձգելի անհրաժեշտության դեպքում իրականացված հետախուզման օրինականությունը: Սահմանադրական դատարանը որոշել է, որ նույնիսկ եթե իրավապահները ապօրինի իր են առգրավել, այդ փաստն ինքնին չպետք է հիմք դառնա առանց դատարանի թույլտվության կատարված խուզարկությունը օրինականացնելու համար: Դատարանն ընդգծել է, որ խուզարկության արդյունքները իրավազոր չեն գնահատելու համար, թե որքանով է արդարացված խուզարկությունը անհետաձգելի անհրաժեշտության պայմաններում:

«ՍԴ-ն, ինքնին, հակասահմանադրական չի համարել խուզարկության իրականացումը հետախուզական տեղեկատվության հիման վրա, սակայն պարզաբանել է, որ նման իրավիճակում իրավապահները պարտավոր են ինչ-որ կերպ ստուգել ստացված օպերատիվ տեղեկատվության հավաստիությունը: Միևնույն ժամանակ, բացի օպերատիվ ուղղակի տեղեկատվությունից, պետք է լինեն նաև այլ փաստեր կամ տեղեկություններ, որոնք ցույց կտան խուզարկության վավերությունը», — նշում են «EMC»-ում:

Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը, Վրաստանի խորհրդարանը պետք է ընդունի օրենսդրական փոփոխություններ, որոնք երաշխավորում են, որ մեղադրյալի կողմից ապօրինի իր(առարկա) տիրապետելու փաստը ապացուցվելու է ոչ միայն խուզարկություն կատարած ոստիկանների ցուցմունքներով, որոնք առգրավել են այս առարկան, այլ նաև այլ չեզոք ապացույցներով:

Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա կարող են վերանայվել նաև այն քաղաքացիների դատավճիռները, որոնց գործերը դեռ գտնվում են քննության մեջ: Նման դեպքերում վերին ատյանի դատարանները կառաջնորդվեն նոր նորմերերով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝